Transfermarkt կայքում հայտնվել է տեղեկություն, թե դանիական «Հոբրոյի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Լեչեն»։
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում 24-ամյա ֆուտբոլիստը մեկնաբանեց իր հնարավոր տեղափոխությունն Իտալիայի առաջնություն։
«Անկեղծ ասած, առաջին անգամ եմ լսում «Լեչեի» կողմից հետաքրքրության մասին։ Իմ պայմանագիրը «Հոբրոյի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականի ամառ։ Հիմա իմ բոլոր մտքերն այս թիմի հետ են կապված։
Իհարկե, ինձ հետաքրքիր են նոր մարտահրավերներ։ Իմ գործակալը կապի մեջ է այլ ակումբների հետ։ Տեղափոխությունն Ա Սերիա կլիներ գերազանց հնարավորություն։ Իտալիայում ուժեղ առաջնություն է։ Հրաշալի կլիներ խաղալ Մխիթարյանի դեմ»,- նշեց Բաբայանը։
Դանիայի ընթացիկ առաջնության 19 խաղում Բաբայանը դարձել է 1 գոլի եւ 5 գոլային փոխանցման հեղինակ։
Սամվել Սուքիասյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում