09:14  ,  4 հունվարի, 2020

Գոռ Մինասյան․ Շատ կուզեմ, որ 2020-ը հայ մարզիկների համար հաջող տարի լինի

Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը 2019-ին էլ փայլեց մրցահարթակներում, մասնավորապես, աշխարհի առաջնությունում՝ երկրորդ անգամ իր մարզական կարիերայում նվաճելով աշխարհի փոխչեմպիոնի տիտղոսը: Գոռ Մինասյանին դեռեւս չի հաջողվում հաղթել իր հիմնական մրցակցին՝ վրացի օլիմպիական չեմպիոն Լաշա Տալախաձեին: Սա թերեւս Գոռի օլիմպիական տարվա գլխավոր նպատակն է լինելու։

NEWS.am Sport-ի համար Գոռ Մինասյանն ամփոփել է 2019 թվականն ու խոսել օլիմպիական տարվա կարեւոր անելիքների մասին:

Գոռ, ինչպիսի՞ն էր քեզ համար մրցաշրջան 2019-ը:

Տարին ինձ համար բաժանվեց երկու մասի՝ մի մասում հաջող հանդես չեկա, երկրորդում՝ լավ արդյունք գրանցեցի: Եվրոպայի առաջնությունում վնասվածքի պատճառով այդքան էլ հաջող հանդես չեկա: Գրանցեցի ընդամենը չորրորդ տեղի արդյունք: Պատճառը վնասվածքն էր, քանի որ պատրաստվածությունս շատ լավ էր:

Տարվա երկրորդ մասը հաջող դասավորվեց ինձ համար: Եվրոպայից հետո շատ արագ վերականգնվեցի եւ աշխարհի առաջնությունում բոլորն էլ տեսան, թե ինչ մարզավիճակում էի. նոր կիլոգրամներ, նոր արդյունքներ, օլիմպիական վարկանիշ:

Նախաօլիմպիական տարին նախորդ տարիների համեմատ ավելի լարված էր: Այն արդյունքները, որոնք գրանցեցիր, քեզ գոհացնո՞ւմ են:

Գոհացնում է այնքանով, որ նոր կիլոգրամներ բարձրացրեցի: Բայց այսքանով չի կարելի սահմանափակվել. աճելու ու նոր կիլոգրամների տեղ կա: Օլիմպիական խաղերի համար այս կիլոգրամները դեռ քիչ են:

Եթե բացառենք Տալախաձեին, այսինքն՝ այս կիլոգրամներով դժվա՞ր կլինի պայքարել օլիմպիական մեդալի համար:

Ինչո՞ւ բացառենք... Նա լինելու է, անպայման: Իմ կիլոգրամները նրա կիլոգրամների հետ համեմատելով, դեռ քիչ է Օլիմպիական խաղերում պայքարի մեջ մտնելու համար: Հիմա ամեն ինչ արվում է, որ Օլիմպիական խաղերին միանշանակ ոսկու համար պայքար լինի:

Փորձենք առանձին ամփոփել Եվրոպայի, աշխարհի առաջնությունները: Եվրոպայի առաջնությունում մարզումների ժամանակ էլ ասում էիր, որ վնասվածք ունես. մտավախություն չունեի՞ր, որ մրցահարթակում էլ այն քեզ կխանգարի:

Մտավախություն կար, բայց չմասնակցելու տարբերակ չկար: Եվրոպայի առաջնությունը օլիմպիական վարկանիշային էր եւ չմասնակցել չէի կարող: Մասնակցությունն արդեն վարկանիշային միավորներ էր տալիս: Վնասվածքս ստացել էի մրցումներից 10 օր առաջ: Մարզավիճակս շատ լավն էր: Եթե մրցահարթակում պոկում վարժության ընթացքում գլուխ չբարձրացներ վնասվածքս, վստահ ավելի հաջող հանդես կգայի:

Երկրորդ տարին անընդմեջ աշխարհի փոխչեմպիոնի կոչումն ես նվաճում եւ միակ արգելքդ Օլիմպիական չեմպիոն Լաշա Տալախաձեն է: Մի օր կհաջողվի՞ նրան շրջանցել:

Իհարկե, կհաջողվի, որովհետեւ անհնար ոչինչ չկա, անպարտելի մարզիկներ չկան: Միայն ցանկություն եւ քրտնաջան աշխատանք է պետք դրան հասնելու համար:

Այս պահին միակ մրցակիցդ Տալախաձեն է...

Իրականում բոլորի միակ մրցակիցն էլ նա է հիմա (ծիծաղում է):

Գոռ, ծանրամարտի Հայաստանի հավաքականի մի շարք երկրների հավաքականների հետ Միջազգային ֆեդերացիայի խիստ հսկողության տակ է: Այդ հսկողությունը չի խանգարո՞ւմ:

Ոչ, իհարկե: Եթե դու գիտես, որ դու մաքուր ես ու ոչ մի խնդիր չունես, ոչ մի լարվածություն չի կարող առաջացնել: Օրինակ՝ այս տարվա ընթացքում միայն 10-ից ավելի Հայաստանում եմ դոպինգ թեստ հանձնել, չհաշված միջազգային մրցաշարերի ժամանակ: Ամեն ինչ արվում է շատ անակնկալ: Մենք նախապես ոչնչից տեղյակ չենք լինում: Ամեն վայրկյան դոպինգ թեստ անցկացնողները կարող են գալ:

Դեռեւս երկու օլիմպիական ուղեգրի հնարավորություն ունենք: Օլիմպիականներից մեկը դու ես: Ի՞նչ տրամադրվածությամբ ես մոտենում Օլիմպիական խաղերին:

Տրամադրվածությունը մարտական է: Ամեն ինչ արվում է դրա համար, ամեն ինչ տանում է դեպի Օլիմպիական խաղեր: Օլիմպիական տարվա առաջին մրցումը Եվրոպայի առաջնությունն է, որը որոշիչ կլինի վարկանիշների առումով. պարզ կլինի, թե ով, որքան միավոր ունի եւ որքանով է հավակնում ուղեգրին: Այս պահի դրությամբ վարկանիշային աղյուսակում միավորներով ես երկրորդն եմ Տալախաձեից հետո:

Ի՞նչ չիրականացած երազանք, ցանկություն, նպատակ մնաց 2019-ում:

Միակ չիրականացված ցանկությունս ու նպատակս Եվրոպայի առաջնությունն էր: Իմ ուզած արդյունքին չհասա, բայց աշխարհի առաջնությունն ամեն ինչ գցեց իր տեղը:

Իսկ ի՞նչ երազանքով ես մտնում 2020 թվական:

Միանշանակ Օլիմպիական խաղերում հաջող հանդես գալու եւ հաղթանակի երազանքով: Այս տարի բոլոր նպատակներն ու երազանքները կապված են լինելու Տոկիո-2020-ի հետ:

Գոռ,երբեւէ կպատկերացնեի՞ր, որ դու կլինես Հայաստանի ամենահայտնի, ամենասիրված մարզիկներից մեկը:

Չեմ պատկերացրել, որ սիրված մարզիկ կլինեմ Հայաստանում: Մինչեւ իմ մեծ սպորտում հայտնվելը երբեք չեմ պատկերացրել ինձ մեծ մարզիկի, մեծ ծանրորդի դերում: Ինչպես յուրաքանչյուր մարզիկ, ես էլ եմ երազել մեծ հաջողությունների հասնել, բայց երբեք չեմ մտածել, որ իմ ուղին այսպես կընթանա:

Եթե նորից ընտրելու հնարավորություն ունենայիր, կընտրեի՞ր ծանրամարտը:

Վստահ նորից ծանրամարտը կընտրեի, այդ ճանապարհով կգնայի: Գուցե որոշ բաներ փոխեի այդ ճանապարհին, բայց հաստատ կուզեի նորից ծանրորդ լինել: Չեմ կարող ասել, թե ինչ կփոխեի, գաղտնիք է:

Անձնական կյանքում փոփոխություններ անելու, ամուսնանալու մտադրություններ կա՞ն: Մտածո՞ւմ ես դրա մասին: Այս հարցի հետ կապված թերեւս ամենակաեւոր հարցս՝ սիրտդ զբաղվա՞ծ է:

Սիրտս զբաղված չի: Օլիմպիական խաղերից հետո նոր կմտածեմ անձնական կյանքս դասավորելու մասին: Այժմ բոլոր ճանապարհները տանում են դեպի Տոկիո՝ Օլիմպիական խաղեր:

Ի՞նչ կմաղթես քեզ հետեւողներին նոր տարում:

Բոլորին կմաղթեմ ուրախ տարի: Թող լինեն անփորձանք եւ ով ինչ նպատակ ունի, թող Աստված կատարի: Շատ կուզեմ, որ 2020-ը հայ մարզիկների համար հաջող սպորտային տարի լինի:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով