09:10  ,  2 հունվարի, 2020

2019թ․ հայկական սպորտի չեմպիոնների նորածինները (ֆոտո)

2019 թվականը հայկական մարզաշխարհի համար լուրջ նվաճումների տարի էր․ աշխարհի 2, Եվրոպայի 6, Եվրոպական խաղերի 5 եւ Համաշխարհային ուսանողական խաղերի 1 չեմպիոն։

Մեծ սպորտում գրանցած հաղթանակներից բացի, նախաօլիմպիական տարին առանձնացավ նաեւ սպորտից դուրս հայ մարզիկների կյանքում տեղի ունեցած կարեւոր իրադարձություններով։ Հայկական սպորտի աստղերից շատերն ամուսնացան, նրանցից մի քանիսի ընտանիքում առաջին անգամ լսվեց մանկան ճիչ։

2019 թվականին սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատարներից Արթուր Դավթյանի ընտանիքը համալրվեց. ապրիլի 27-ին մարմնամարզիկի ընտանիքում ծնվեց Ալիսան։

«Տարին ինձ համար շատ հաջող դասավորվեց, սպորտում մեծ հաղթանակ ունեցա՝ Եվրոպական խաղերի ոսկե մեդալի տեսքով։ Նվաճեցի անվանական օլիմպիական ուղեգիր եւ արդեն երրորդ անգամ կմասնակցեմ Օլիմպիական խաղերին։

Բայց այս տարվա իմ ամենամեծ հաղթանակը աղջիկս էր։ Չէի պատկերացնում ինձ հոր կարգավիճակում։ Անբացատրելի զգացողություն է դա, ինձ կհասկանա նա, ով հայր է դարձել։ Ինչպես յուրաքանչյուր հայ տղամարդ, ես նույնպես ուզում էի, որ իմ առաջնեկը տղա լինի։ Բայց աղջկաս ծնվելուց հետո հասկացա, որ որեւէ տարբերություն չկա, թե որ սեռի ներկայացուցիչ է առաջնեկդ։ Երջանիկ եմ, որ աղջկա հայր եմ։ Կուզեմ, որ եղբայր էլ ունենա։ Չեմ կարող ասել, թե ինչ կերազեի, որ նա դառնար։ Եթե ընտրի սպորտի ուղղությունը, միայն կաջակցեմ եւ կօգնեմ։ Երբեք դեմ չեմ լինի նրա ընտրության հարցում։ Այս տարի իմ բոլոր հաղթանակները եւ այսուհետ իմ բոլոր ձեռբերումները նրա համար են։ Ցանկանում եմ, որ ծնող դառնալու բերկրանքը զգան բոլորը, մասնավորապես, հայկական սպորտի բոլոր ներկայացուցիչները»,- ասաց Արթուր Դավթյանը։

Հիշեցնենք, որ Արթուր Դավթյանը 2019 թվականին նվաճեց Եվրոպական երկրորդ խաղերի չեմպիոնի տիտղոսը, նաեւ ձեռք բերեց Հայաստանի առաջին օլիմպիական ուղեգիրը, այն էլ անվանական։   

Տարվա երկրորդ կեսին ընտանիքում համալրում ունեցավ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBC International Silver գոտու հաղթող, Հայաստանի հավաքականի նախկին անդամ Արամ Ավագյանը: 28-ամյա բռնցքամարտիկի առաջնեկը տղա է, որին անվանակոչել են Արտյոմ: Փոքրիկ Արտյոմի ծնողներն ամուսնացել էին 2016 թվականի հոկտեմբերին։  

NEWS.am Sport-ը մասնակցեց Արտյոմի ծննդատնից դուրս գրվելուն։ Արամ Ավագյանի երջանկությունը աննկարագրելի էր։

«Իսկապես անբացատրելի զգացողություն է ծնող դառնալը, հայր լինելը։ Չեմ պատկերացնում արդեն այլեւս նրանից մեկ օր հեռու գտնվելս»,– ասաց Արամ Ավագյանը։

2019-ին առաջնեկն ունեցավ նաեւ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBC-ի վարկածով թեթեւագույն քաշային կարգում International Silver գոտու հաղթող, բռնցքամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամ Նարեկ Աբգարյանը: 27-ամյա բռնցքամարտիկի առաջնեկը տղա է, որին անվանակոչել են Ալեքս: Նարեկ Աբգարյան- Զոյա Բունիաթյան զույգն ամուսնացել է 2018 թվականի դեկտեմբերի 21-ին: Փոքրիկ Ալեքսը ծնվել է հոկտեմբերի 13-ին։

«Ես միշտ լսել եմ, որ երեխա ունենալը ուրիշ զգացում է, լրիվ այլ զգաղոցություն է։ Միշտ այդպես վերացական եմ հասկացել, թե ինչ նկատի ունեն հայր կամ մայր դարձածները։ Բայց այդ խոսքերի իսկությունը, ճշմարտությունը լիարժեք գիտակցեցի միայն տղայիս ծնվելուց հետո։ Հայր դառնալու զգացողությունը հասկանալու համար ուղղակի բառերը շատ քիչ են։

Շատ կուզեմ, որ նա նախեւառաջ լավ մարդ դառնա, ուղղակի լավ մարդ։ Իսկ հետագայում՝ թե ինչ մասնագիտություն կընտրի, թող ինքը որոշի։ Միայն կաջակցեմ նրան իր ցանկացած ընտրության հարցում։ Լավ մարդ լինելով հանդերձ չեմ կարծում, որ վատ ընտրություն անի»,- ասաց Նարեկ Աբգարյանը։

2019 թվականին լույս աշխարհ եկավ նաեւ ծանրորդ, Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանի երկրորդ որդին՝ Մարկը:

Առաջնեկի՝ 6-ամյա Աշոտիկի ծնվելուց հետո Հռիփսիմե Խուրշուդյանը վերադարձավ մրցահարթակ եւ 2016 թվականին նվաճեց Եվրոպայի ոսկե մեդալը: 2018 թվականի Հայաստանի հավաքականի տեւական որակազրկումից հետո Հռիփսիմեն բացակայում է մրցահարթակից: 

Չեմպիոնի երկրորդ որդին ծնվել է 2019 թվականի նոյեմբերին:

NEWS.am Sport-ը շնորհավորում է բոլոր մարզիկներին հայր եւ մայր դառնալու կապակցությամբ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով