20:38  ,  30 դեկտեմբերի, 2019

Մագնուս Կարլսենը՝ կայծակնային խաղի աշխարհի չեմպիոն. Արոնյանը բաժանեց 6-19-րդ տեղերը

Մոսկվայում դեկտեմբերի 30-ին ավարտվեց կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը: Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը երրորդ տարին անընդմեջ հռչակվեց մրցաշարի չեմպիոն:

Մրցաշարի 21 տուրերից հետո Մագնուս Կարլսենն ու ամերիկացի Հիկարու Նակամուրան ունեին հավասար միավորներ (16.5) և հաղթողին պարզեցին թայ-բրեյքում: Առաջին խաղում գրանցվեց ոչ ոքի, իսկ երկրորդ խաղում Կարլսենը սպիտակներով 30-րդ քայլում հաղթեց Նակամուրային:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում վաստակեց 13.5 միավոր և բաժանեց 6-19-րդ տեղերը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Հրանտ Մելքումյանը վաստակեց 12, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը՝ 11, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը՝ 10.5, Մանուել Պետրոսյանը՝ 9.5 միավոր:

Հիշեցնենք, որ Մագնուս Կարլսենը չեմպիոն էր հռչակվել նաև արագ շախմատի աշխարհի առաջնությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում