09:43  ,  26 դեկտեմբերի, 2019

Կարլսեն. Միշտ խնդիր եմ դնում հաղթել

Շախմատի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը դեկտեմբերի 26-ին Մոսկվայում մեկնարկելիք արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունից առաջ հայտարարել է, որ իր առաջ խնդիր է դրել հաղթանակ տանել այս առաջնությունում:

«Ինձ համար շատ դժվար է ասել, թե որ առաջնությունում հաղթելն է ամենակարևորը: Իմ առաջ միշտ խնդիր եմ դնում հաղթել, հաղթել բոլոր առաջնություններում, իսկ Մոսկվայում մեկնարկելիք առաջնությունը բացառություն չէ:

Մոսկվան ինձ դուր է գալիս: Նախորդ տարի արագ և կայծակնային շախմատի առաջնությունը տեղի ունեցավ Սանկտ Պետերբուրգում, որը ևս շատ գեղեցիկ քաղաք է: Եթե հաղթում ես, ապա հաղթանակի վայրը շատ հաճելի է դառնում»,- Կարլսենի խոսքը փոխանցում է ТАСС-ը:

Տեղեկացնենք, որ արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը կանցկացվի դեկտեմբերի 26-ից 30-ը: Առաջնությանը կմասնակցի նաև հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում