18:01  ,  23 դեկտեմբերի, 2019

Թովմաս Գրիգորյան․ Պայքարն անհավասար էր

Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբի նախագահ, ՀՖՖ նախագահի արդեն նախկին թեկնածու Թովմաս Գրիգորյանը մեկնաբանել է տեղի ունեցած ՀՖՖ նախագահի ընտրությունը։ 13 ձայնով նախագահ է ընտրվել ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը։ Թովմաս Գրիգորյանը ստացել է 7 ձայն։

«Չեմ ցանկանում էմոցիոնալ հայտարարություններ անել: Պետք է կատարվածի հետ քնեմ, արթնանամ և հայտարարեմ հետագա քայլերիս մասին: 

Աննախադեպ էր Հայաստանի պատմության մեջ։ Տեղի ունեցավ երկու թեկնածուի միջեւ մրցապայքար։ Բայց այդ պայքարն անհավասար էր։ Կար նաեւ իշխանության աջակցություն մյուս թեկնածուին։ Ով կար դահլիճում, աջակցում էր Մելիքբեկյանին։

Իմ մրցակցի համար կարող էր ճակատագրական լինել արդյունքը, բայց ես հենց վաղն էլ զբաղվելու եմ Հայաստանի եւ Լոռու մարզի ֆուտբոլի զարգացմամբ։ Չընտրվելս չի խանգարելու դրան։ Այս ընտրությունները ոչ մի կերպ չեն կարող ազդել «Լոռիում» իմ գործունեության վրա: 

Այո, շնորհավորեցի Մելիքբեկյանին, իսկ համագործակցության մասին վաղը կմտածեմ։  

«Արնար» եւ «Հայկական ֆուտբոլի զարգացման հիմնադրամ» ՀԿ-ների լիազորությունների կասեցումը խայտառակություն էր: Երկու ՀԿ-ներ հրաժարվեցին ինձ աջակցել նրա խոսքերից հետո: Կասեցված 9 ՀԿ-ներից 7-ը իմ ձայններն էին։ Օրինակ՝ «Զարգացման հիմնադրամն» այսօր էլ ֆուտբոլային գործունեություն է ծավալում, գումար է հատկացնում ֆուտբոլին։

Բազմիցս քննարկել եմ Պրոֆեսիոնալ լիգայի ստեղծման գաղափարը: Եթե լինի համապատասխան կոնցեպտ և ակումբները կարողանան օգուտ քաղել այս նախաձեռնությունից»,- ասել է Թովմաս Գրիգորյանը:

ՀՖՖ արտահերթ ժողովում այժմ ընթանում է գործկոմի անդամների ընտրությունը։

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում