18:51  ,  3 սեպտեմբերի, 2012

Առաքել Միրզոյան. Սպորտը չես կարող գնել

«Ունեմ կյանքի երկու նպատակ. Ռիո-2016-ից ոսկե մեդալով վերադառնալ եւ ապագայում ծանրորդ որդի ունենալ` Օգսեն Միրզոյան»,  իր ապագա ծրագրերի մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում անկեղծացավ ծանրորդ Առաքել Միրզոյանը:

30-րդ ամառային Օլիմպիական խաղերում անհաջող ելույթ ունեցած ծանրորդն այժմ պատրաստվում է նոյեմբերի 6-ին մեկնարկելիք աշխարհի ուսանողական առաջնությանը:

Առաքել, դու օլիմպիական խաղերից անմիջապես մի քանի օր անց սկսեցիր նոր մարզումներ` նոր հույսերով: Ի՞նչն է քեզ այդքան հույս տալիս:

Ինձ իմ նախկին հաջողություններն են հույս տալիս, ինձ հենց սպորտն է հուսադրում: Սպորտում ամեն ինչ արդար է: Սպորտը չես կարող գնել, չես կարող խաբել, սպորտում պատահականություններ չեն լինում: Ամեն ինչ արդար է` ուժի վրա հիմնված: Եթե պարտվում ես, պարտությունդ արդար պետք է ընդունես, քանի որ սպորտում հաղթում է ուժեղը:

Ի՞նչ թերություններ ես տեսնում հայկական սպորտում:

Չկա այնպիսի մի բնագավառ, որ թերություններ չունենա: Բայց մեր բնագավառի թերություններն աստիճանաբար հարթվում են: Օլիմպիական խաղերում Հայաստանի մեդալները խոսում են ոլորտի առաջխաղացման մասին: Իմ կարծիքով, Օլիմպիական խաղերում Հայաստանի պատվիրակությունը լավ հանդես եկավ: Ես մեր մեդալները գնահատում եմ լավ, քանի որ արժանի էին մեր մարզիկներն այդ մեդալներին: Արսեն Ջուլֆալակյանը հրաշալի ելույթ ունեցավ: Հռիփսիմե Խուրշուդյանն արժանի էր իր մեդալին, նա վաստակել էր այդ հաջողությունը: Նույնը եւ կասեմ մյուս ըմբիշի` Արթուր Ալեքսանյանի մասին: Ինչ վերաբերում է մյուս մարզաձեւերին՝ այս Օլիմպիական խաղերը բարդ էին: Առողջ մրցակցություն կար: Մեր տապալումներն էլ անհաջողություններ էին: Փորձում էինք մեկս մյուսին ոգեշնչել, կողքից օգնել, ուժ տալ:

Իրականում այն ինչ կատարվեց օլիմպիական ավանում, այս ուրախությունը, որ մեր ժողովուրդը ապրեց, դա սպորտի ղեկավարության եւ սպորտի վարպետների շնորհիվ է:
Ես չեմ ցանկանում գովազդել որեւիցե մեկին, այլ ասում եմ այն ինչ կա` իրականությունը: Ես ծանոթ եմ ներքին խոհանոցին եւ չեմ կարող թաքցնել կամ չնշել, թե որքան է ՀԱՕԿ նախագահը մեզ օգնում` ամեն մեկիս առանձին-առանձին: Այսօր մարզիկը ոչ մի բանի կարիք չունի: Եթե ինչ-որ մեկը կասի, թե մարզիկին գումար պետք չէ՝ դա սուտ կլինի: Բոլորն էլ աշխատանք են կատարում եւ ցանկանում են դրա դիմաց գնահատվել: Ես մարզիկ եմ, մարզվում եմ, հասնում եմ ինչ-որ հաջողության, բայց ես դրանով միայն իմ պետությանն եմ օգուտ տալիս, իսկ ինձ գումար է պետք չէ՞, որ իմ ընտանիքը ապրի, ես ուրիշ գործով չզբաղվեմ: Այսօր սպորտի ղեկավարությունը հոգում է, որ մենք չթողնենք սպորտը եւ սպորտով զբաղվենք:

Մեր նախորդ զրույցում նշեցիր, որ ծանրամարտը քո կյանքն է: Իսկ ծանրամարտն անձնական կյանքում օգնո՞ւմ է, թե՞ խանգարում:

Անձնական կյանք չունեմ, որ հասկանամ՝ որքանով է ծանրամարտն ինձ օգնում կամ խանգարում: Դեռեւս ընտրյալ չունեմ: Գրաֆիկս ծանրաբեռնված է, ամբողջ օրը մարզումների մեջ եմ, չեմ հասցնում: Բայց այդքան էլ չեմ շտապում, դեռեւս 23 տարեկան եմ: Կգա այդ օրը, որ ես կգտնեմ իմ կյանքի կեսին: Ինքս ինձ ճանաչելով, վստահ եմ, որ կգտնեմ այնպիսի աղջկա, ով ինձ կհասկանա, կսիրի ինձ իմ մարզաձեւով, կգնահատի իմ սպորտը, կարիերան: Չեմ փորձի սպորտը գերագնահատել անձնական կյանքից: Ամեն ինչ կլինի իր տեղում: Ինչպես մեր ընտանիքում է եղել, այնպես էլ իմ ընտանիքում կլինի` իրար հասկանալով: Մեր ընտանիքում եղել են նույնիսկ դեպքեր, որ երկրպագուներից նամակներ է ստացել հայրս, բայց մայրս երբեք չի խանդել: Ես ընտանիքի մարդ եմ, եւ իմ կյանքն առանց ընտանիքի չեմ պատկերացնում: Տան միակ տղան եմ եւ պետք է շարունակեմ մեր ընտանիքի ավանդույթները` ինչպես սպորտում, այնպես էլ անձնական կյանքում: Ամուսնանալու եմ, Օգսեն Միրզոյան կրտսեր եմ ունենալու: Իմ առաջին երեխան պետք է պարտադիր տղա լինի, որ շարունակի մեր ընտանիքը: 

Զրուցեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով