16:16  ,  23 դեկտեմբերի, 2019

Արմեն Մելիքբեկյան. Հին համակարգը պետք է հեռանա

ՀՖՖ նախագահի թեկնածու, ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ արտահերթ ժողովում ներկայացրել է իր նախընտրական խոսքը։

«Մի անգամ պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն ասել էր, որ իր վրա նետված քարերից կարելի էր արձան կառուցել: Ես հիմա մտածում եմ, որ այս մեկ ամսվա ընթացքում իմ վրա նետված քարերից կարելի է դամբարան կառուցել: Հայաստանում ֆուտբոլային համակարգը բավական ծանր վիճակում էր գտնվում: Խոսքն անձերի մասին չէ, այլ համակարգի մասին էր: Այն համակարգը, որ կար երկրում, դա էլ ղեկավարում էր հայկական ֆուտբոլը: Այժմ երկիրը փոխվել է եւ համակարգը պետք է փոխվի: Հին համակարգը պետք է հեռանա: Համաձայն եմ Թովմաս Գրիգորյանի հետ, որ ֆուտբոլի կառավարումը պետք է լինի անձերի, ֆուտբոլային ընտանիքի եւ հանրության ձեռքում: Դրա համար շատ հստակ քայլեր պետք է լինեն:

Մեկ տարի 3 ամիս աշխատել եմ ֆեդերացիայում, գիտեմ նաեւ, որ դժգոհություններ եղել են. դա հնարավոր չէ հերքել: Չենք կարող չփաստել նաեւ, փորձել ենք հնարավորինս գործողություններ կատարել, ունեցել ենք նախկին համակարգի հակազդեցությունը եւ չենք գիտակցել, որ մեր քայլերը չեն իրագործվում եւ չեն հասնում իրենց նպատակին: Երկխոսությունը չափազանց կարեւոր է եւ չեմ ասում, որ սա միայն մի կողմի մեղավորությունն է: Գիտակցում եմ մեր թիմի խնդիրները: Ակնկալում եմ ավելի կառուցողական մոդել. Իմ նախագահ ընտրվելու պարագայում մեր բոլոր հանդիպումները, քննարկումները լուսաբանվելու են: Երբեք չեմ թաքցրել, որ ֆուտբոլային հավասարակշռություն ապահովելու, հավասարաչափ զարգացման հիմքեր ստեղծելու համար կարեւորագույն քայլ է Պրոֆեսիոնալ լիգայի ստեղծումը: Այս մասին զրույցները ֆեդերացիան սկսել է ամռանը իմ առաջարկով: Տարիներ ի վեր թյուր պատկերացում է եղել, որ սա շատ թանկ հաճույք է: Ակումբները կարող են որոշել բոլոր հարցերը:

Կարծում եմ, որ Պրոֆեսիոնալ լիգայի ստեղծումը մեր հրամայականն է, անկախ ամեն ինչից: ՀՖՖ նախագահի պաշտոնը ինքնանպատակ չէ: Ես չունեմ անձնական շահ, ոչ մի ակնկալիք այս պաշտոնից: Ֆուտբոլում սկսել եմ որպես գնդակներ մատակարարող երեխա, ապա որպես ֆուտբոլային լրագրող: Վստահ եմ, որ կարող եմ ծառայել հայկական ֆուտբոլին, քանի որ ես անչափ սիրում եմ այս մարզաձեւը»,- ասաց Արմեն Մելիքբեկյանը:

ՀՖՖ նախագահի մյուս թեկնածուն Վանաձորի «Լոռի» ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանն է։

Ընտրություններին կմասնակցի ՀՖՖ անդամ 24 ՀԿ։ ՀՖՖ նախագահ կընտրվի ժողովի մասնակիցների 50 տոկոս + 1 ձայն հավաքած թեկնածուն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում