15:48  ,  23 դեկտեմբերի, 2019

Թովմաս Գրիգորյան․ Բացառիկ հնարավորություն էր լինել այս հրաշալի խաղի տերը

ՀՖՖ արտահերթ ժողովում կազմակերպության նախագահի թեկնածու, Վանաձորի «Լոռի» ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը ընտրության մասնակիցներին կոչ է արել քվեարկել խղճով։

«Այսօր իմ ելույթը պետք է նվիրված լիներ ֆուտբոլի զարգացմանն ու դրան ուղղված իմ տեսլականին, սակայն մյուս թեկնածուն եւ նրա համախոհները դաշտ բերեցին եւ հանրությանը հրամցրեցին կեղծ օրակարգ, որին ես չեմ կարող չանդրադառնալ:

Շինծու մեղադրանքներ եւ լուրեր տարածեցին իմ վերաբերյալ: Արմեն Մելիքբեկյանի թիմը հստակ գիտակցեց, որ ֆուտբոլային բանավեճերի հարթությունում ջախջախիչ պարտություն կկրի եւ սլաքներն ուղղեցին քաղաքական դաշտ՝ ինձ մեղադրելով ՀՖՖ նախկին նախագահներ Ռուբեն Հայրապետյանի եւ Արթուր Վանեցյանի հետ մտերիմ լինելու մեջ: Օգտագործեցին նաեւ որոշ լծակներ հանրությանը սուտ ինֆորմացիա տալու համար, իբր ես կամ իմ թիկունքում կանգնած երկակի ուժ սպառնալիքների միջոցով ձայներ են հավաքում ինձ համար:

Այս ամենը հստակ արձանագրում են Արմեն Մելիքբեկյանի ցանկացած հեռուստաբանավեճերից խուսափելն ու իր բացահայտ ընդդիմախոս Սուրեն Բաղդասարյանին չհավատարմագրելու ձախողված փորձը: Այս ամենով իրենք բացահայտեցինք իրենց իրական դեմքը:

Հարգելի ֆուտբոլային ընտանիք, բացառիկ հնարավորություն էր վերջին 20 տարում լինել այս հրաշալի խաղի տերը, այս ամենի կառավարողները: Բայց եղավ այն ինչ եղավ: Կխնդրեմ՝ մոտենալով քվեատուփին, ձեր խղճին որոշումներ կայացնել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, որոնք այս ընթացքում ենթարկվեցին խոշտանգումների եւ նրանց որոնք տղամարդ եղան եւ կանգնած մնացին: Կյանքը շարունակվելու է, ֆուտբոլը զարգանալու է: Շատ հավասար իրավիճակ է: Ովքեր ինչպես խոստացել են, եկեք միասին ֆուտբոլը փրկենք: Մենք գիտենք՝ ովքեր են, ինչ են, ինչպես են գնում ընտրության»,- ասաց Թովմաս Գրիգորյանը:

ՀՖՖ նախագահի մյուս թեկնածուն ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանն է։ 

Ընտրություններին կմասնակցի ՀՖՖ անդամ 24 ՀԿ։ ՀՖՖ նախագահ կընտրվի ժողովի մասնակիցների 50 տոկոս + 1 ձայն հավաքած թեկնածուն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով