Քաթարում ընթացող ծանրամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում (Քաթարի Գավաթ) կանանց Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի Մ23 փոխչեմպիոն Տաթեւ Հակոբյանը ոսկե մեդալ է նվաճել 87 կգ քաշայինների պայքարում:
Ա խմբում 10 մասնակիցների պայքարում Հակոբյանը պոկել է 105 կգ, հրել 127 կգ եւ երկամարտի 232 կգ արդյունքով նվաճել հաղթողի կոչումը:
Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը 96 կգ քաշայինների պայքարում երկամարտի 355 կգ արդյունքով զբաղեցրել է 7-րդ տեղը: Աշխարհի չեմպիոնը պոկել է 155 կգ, հրել՝ 200 կգ:
Նշենք, որ սա Հակոբ Մկրտչյանի առաջին փորձն էր օլիմպիական քաշային կարգում: Գյումրեցի ծանրորդը աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն է դարձել 89 կգ-ում:
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Մկրտչյանը նշել էր, որ աշխարհի առաջնությունից հետո փոխելու է քաշային կարգը եւ պայքարելու է օլիմպիական վարկանիշի համար:
Քաթարում անհաջող մասնակցություն է ունեցել 81 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը: 2016թ. Եվրոպայի չեմպիոնը զրո է ստացել եւ դուրս մնացել հետագա պայքարից:
Իզաբելա Յայլյանը 59 կգ քաշայինների պայքարում երկամարտի 201 կգ արդյունքով 5-րդն է: Դեկտեմբերի 23-ին մրցահարթակ դուրս կգան Հայաստանի թիմի վերջին ներկայացուցիչներ գերծանր քաշային աշխարհի փոխչեմպիոն Գոռ Մինասյանն ու Եվրոպայի բրոնզե մեդալակիր Ռուբեն Ալեքսանյանը:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում