22:04  ,  21 դեկտեմբերի, 2019

Սուրեն Բաղդասարյան․ Ի՞նչ իրավունք ունի ՀՖՖ-ն ինձ զրկել լրագրողի իրավունքից

Նրանք ի՞նչ իրավունք ունեն ինձ զրկել լրագրողի իրավունքից: Սա ապօրինի գործողություն է, որպեսզի ապահովագրեն իրենց:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը, որին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի հավատարմագրել դեկտեմբերի 23-ին անցկացվելիք ՀՖՖ նախագահի եւ գործկոմի անդամների ընտրությունների լուսաբանման համար:

«Իմ հավատարմագրումը մերժվել է անհեթեթ պատճառաբանությանբ: Մասնավորապես, ասվում է, որ իմ հավատարմագրումը չի հաստատվել՝ հաշվի առնելով վերջերս գործող ղեկավարության մասին իմ հրապարակային անհարգալից ելույթները, ինչպես նաեւ ՀՖՖ-ի կազմակերպած միջոցառումների բնականոն ընթացքի խաթարման փորձերը եւ դրանց ընթացքում ոչ պատշաճ վարքագծի դրսեւորումը:

Սա ուղղակի խեղկատակություն է: Գրում են՝ ես իրենց միջոցառումների բնականոն ընթացքը խաթարել եմ մի քանի անգամ: Իրականում, խոսքը դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած արտահերթ ասուլիսում իմ հնչեցրած հարցն է։ Երբ հայտարարվում էր, թե ովքեր են հաստատվել նախագահի եւ գործադիր կոմիտեի անդամության թեկնածուներ, ես լրագրողի իրավունքով հարց եմ տվել ասուլիսը վարող Արմեն Նիկողոսյանին, թե զավեշտալի չէ, որ Արմեն Մելիքբեկյանը անցած տարի հենց «Զվարրթնոցի» շնորհիվ դառնալով ՀՖՖ առաջին փոխնախագահ եւ գլխավոր քարտուղար, այսօր «Զվարթնոցը» «ֆեյք» է որակում ու այդ պարագայում արդյո՞ք Մելիքբեկյանը նույնպես ֆեյք չէ:

Ես նաեւ կարծիք էի հայտնել, որ նրանք կողմնակալ մոտեցումներով են նախապատրաստվում դեկտեմբերի 23-ի ժողովին: Սա պարզապես ապօրինություն է: Ես անմիջապես զանգել եմ ֆեդերացիա, խոսել եմ Մելիքբեկյանի տեղակալ Արթուր Ազարյանի հետ, թե ինչ հիմքերով են ինձ զրկել հավատարմագրման իրավունքից, նա ինձ պատասխանել է, որ ըստ կանոնադրության՝ իրավունք ունեն ցանկացած լրագրողի չհավատարմագրել:

Ես 50 տարի է լուսաբանում եմ հայկական ֆուտբոլը, «Ֆուտբոլ+»-ը դարձել է հայկական ֆուտբոլի տարեգիրը: Նրանք ի՞նչ իրավունք ունեն ինձ զրկել լրագրողի իրավունքից։ Սա ապօրինի գործողություն է, որպեսզի ապահովագրեն իրենց եւ հարվածի տակ չընկնեն:

Այսքան տարի ես ֆուտբոլի մեջ եմ եւ շատ մտահոգ եմ հայկական ֆուտբոլով: Ուզում եմ, որ մեր ֆուտբոլը մաքուր լինի: Մենք համոզվեցինք, որ վերջին 1 տարի 3 ամսվա ընթացքում այդ բախտախնդիր անձնավորությունները շատ մեծ հաջողությամբ կործանել են հայկական ֆուտբոլը: Ինչպե՞ս կարելի է նրանց նորից վստահել, որ շարունակեն իրենց գործունեությունը: Ինձ բոլորն են հարգում ամբողջ Հանրապետությունում , ամենուր ինձ համար կանաչ ճանապարհ է: Բայց արդեն ֆուտբոլային հանդիպումների ժամանակ ՀՖՖ-ի կողմից կարգադրիչների են կանգնեցնում եւ հանձնարարում, որ ինձնից անցաթուղթ պահանջեն: Սա այն դեպքում, երբ դրանք ֆեդերացիայի խաղերը չեն լինում նույնիսկ, այլ ակումբների խաղերն են: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ նսեմացուցիչ իրավիճակ է. ես այսքան տարի կյանքս նվիրեմ ֆուտբոլին ու իմ նկատմամբ ինչ վերաբերմունք ցույց տան այդ «ընկերները»: Պատահական մարդիկ եկել են, ես գիտեմ ինչ ճանապարհով եւ իրենց կաշին փրկելու համար այդպիսի քայլեր են անում: Սա ուղղակի ծիծաղելի է, իրենք իրենց դրեցին հարվածի տակ:

Դեկտեմբերի 23-ին անվտանգության աշխատակիցներին կարգադրելու են ինձ թույլ չտալ ներս մտնել: Բայց ես կգնամ եւ ոչ թե կփորձեմ ներս մտնել, այլ կսպասեմ՝ հույս ունենալով, որ կհաղթի մյուս թեկնածուն եւ այդ դեպքում ազատ իրավունք կունենամ հաղթողի կարգավիճակով մտնել դահլիճ»,- ասաց Սուրեն Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի թեկնածուներն են ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը եւ Վանաձորի «Լոռիի» նախագահ Թովմաս Գրիգորյանը։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով