20:56  ,  20 դեկտեմբերի, 2019

ՀՖՖ նախագահի ընտրություն․ «Ուրարտուն» կոչ է անում բացառել անցյալի վերադարձը

Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը ՀՖՖ արտահերթ ընդհանուր ժողովից առաջ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ:

«Հարգելի ֆուտբոլասերներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ ս․թ-ի դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նախագահական ընտրություններում «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը սատարելու է իր իսկ առաջադրած թեկնածու Արմեն Մելիքբեկյանին։

Հաշվի առնելով վերջին շրջանում առկա ակտիվությունները Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահի ընտրության շուրջ, «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը կոչ է անում քվեարկությանը մասնակից բոլոր անդամներին՝ որոշումներ կայացնելիս առաջնորդվել բացառապես ֆուտբոլային նկատառումներով և ընտրություն կատարելիս մտածել հայկական ֆուտբոլի ապագայի մասին, բացառելով անցյալի վերադարձը, որը իրատեսական է թվում Թովմաս Գրիգորյանի՝ ՀՖՖ նախագահի պաշտոնում ընտրվելու պարագայում։

Մենք լիահույս ենք, որ այս ընտրությունը կանցնի առանց ինտրիգների ու միտված կլինի հայկական ֆուտբոլի առաջընթացին»,- ասված է «Ուրարտուի» մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:

Ավելի վաղ Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունը պաշտպանելու մասին հայտարարել էին նաև «Վանը», ՀՖՖ տեխնիկական կենտրոն / Ֆուտբոլի ակադեմիան, «Արարատը», «Դիլիջանը», «Նիկարմը», «Աչաջուրը», «Վեստ Արմենիան», «Էրեբունի-Դիլիջանը» եւ GOALS-ը: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում «Գանձասար» ՖԱ-ից հայտնեցին, որ նույնպես քվեարկելու են Մելիքբեկյանի օգտին։

Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի պաշտոնին հավակնում են նաեւ «Լոռիի» նախագահ Թովմաս Գրիգորյանը եւ «Անիի» նախագահ Խորեն Հովհաննիսյանը։

Ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 23-ին անցկացվելիք ՀՖՖ արտահերթ ընդհանուր ժողովում։

ՀՖՖ անդամ 34 ՀԿ-ներից 9-ի անդամությունը կասեցվել է, սակայն այդ որոշումները դեռ պետք է հաստատի ՀՖՖ արտահերթ ժողովը։  ՀՖՖ նախագահ կընտրվի ժողովի մասնակիցների  50 տոկոս + 1 ձայն հավաքած թեկնածուն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում