16:05  +04,  19 դեկտեմբերի, 2019

Հայաստանում կստեղծվի դահուկային սպորտի եւ տուրիզմի ակադեմիա

Հայաստանում կստեղծվի դահուկային սպորտի եւ տուրիզմի ակադեմիա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը։

«Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Աշոցքում կստեղծվի Դահուկային սպորտի եւ տուրիզմի ակադեմիա: Այն կունենա երկու ուղղություն. դահուկային հրահանգիչների պատրաստում եւ պատանի դահուկորդներին նախապատրաստելու հատուկ ծրագիր:

Հրահանգիչներ պատրաստելու ծրագիրը վերաբերում է դահուկավազքին, լեռնադահուկին, ֆրիսթայլին, սնոուբորդի եւ այլ մրցաձեւերին։

Դաշտը բաց է եւ չկանոնակարգված: Ներդնելու ենք համաշխարհային փորձը՝ հրահանգիչների որակավորմամբ: Բանակցում ենք միջազգային ֆեդերացիայի հետ, որպեսզի յուրաքանչյուր տարի հրահանգիչները դասապատրաստում անցնեն եւ բարձրացնեն իրենց որակավորման աստիճանը մինչեւ միջազգային կարգ:

Մյուս ուղղությունը պատանի դահուկորդների համար մարզումային համապատասխան պայմանների ստեղծումն է եւ պատանի դահուկորդներ պատրաստելու ծրագիրը:

Ցավոք, այն հերթափոխը, որ ստանում ենք մարզադպրոցներից, ակումբերից, չի արդարացնում մեր սպասելիքները: Ներուժ ունեցող պատանիները պետք է դառնան մեր ապագա օլիմպիականները: Ակադեմիայի կենտրոնը լինելու է Աշոցքում, որտեղ արդեն գործում է դահուկային սպորտի նորակառույց կենտրոնը: Ակադեմիան կնպաստի Աշոցքը դարձնել դահուկավազքի, լեռնադահուկի, սնոոբորդի մեծ կենտրոն: Ծրագրի շրջանակներում կկառուցվի նաեւ փոքր ճոպանուղի 550 մետր երկարությամբ: Կառավարությունն օժանդակում է այս ծրագրին։ Արդեն սկսվել են Աշոտցքի գոտիավորման աշխատանքները։ Արվում է ամեն ինչ, որ Աշոցքը դառնա ներդրումային կենտրոն եւ զարգանա տուրիզմի ուղղությամբ»,- ասաց Գագիկ Սարգսյանը։

Հայաստանի Պարալիմպիկ կոմիտեն եւս միացել է ծրագրին։

«Աշոցքը կարող է դառնալ դահուկային սպորտի հրաշալի կենտրոն նաեւ հաշմանդամություն ունեցողների համար։ Մեր մարզիկները եւս մարզվում են այնտեղ։

Կարող ենք Աշոցքում կազմակերպել եւ անցկացնել միջազգային մրցաշարեր, քանի որ դահուկուղին թույլ է տալիս։ Բայց խնդիր ունենք հաշմանդամություն ունեցող մարզիկներին տեղավորելու, նրանց համար համապատասխան հարմարություններով հյուրանոցներ գտնելու համար։ Շատ կուզեինք, որ այս խնդրի վրա ուշադրություն դարձվեր, խոսվեր, որ Հայաստանում կառուցվող հյուրանոցները հարմար լինեն նաեւ հաշմանդամներին»,- նշեց Հակոբ Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ Եվրոպական միության աջակցությամբ եւ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ այս տարի Աշոցքում կառուցվել է դահուկային սպորտի կենտրոն՝ հյուրատուն:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ