23:03  ,  13 դեկտեմբերի, 2019

Արմեն Նազարյանը, Արմեն Մկրտչյանը, Սամվել Գեւորգյանը՝ լեգենդար Բենուր Փաշայանի մասին

Երկարատեւ հիվանդությունից հետո դեկտեմբերի13-ին 60 տարեկանում մահացել է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ՀԱՕԿ նախկին նախագահ Բենուր Փաշայանը:

Լեգենդար ըմբիշի մահը մեծ կորուստ է հայկական ըմբշամարտի համար: Հունահռոմեական ըմբշամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի եւ Եվրոպայի վեցակի չեմպիոն Արմեն Նազարյանը Բենուր Փաշայանին ճանաչել է պատանեկան տարիքից: Ինչպես ինքն է պատմում, միշտ հիացել է Բենուր Փաշայան մարզիկով, ապա նաեւ մարզիչով:

«Բենուր Փաշայանը մեծ մարզիկ էր: Շատ լավ մարդ էր, խելացի: Երկար ժամանակ հիվանդություն է ունեցել, որի մասին ոչ մեկին չի ասել: Ես հետագայում իմացա, որ լյարդի խնդիր է ունեցել: Մեկ անգամ ինձ ասաց, որ խմիչք չի օգտագործում, քանի որ լյարդի խնդիր ունի: Զարմացել էի, որ վաղուց ուներ այդ խնդիրը:

Այսօր, երբ տեղեկացա նրա մահվան մասին, շատ վատ զգացի. չկարողացավ պայքարել իր հիվանդության դեմ: Նրան վաղուց չէի տեսել, բայց միշտ կապի մեջ էինք: Հեռվից տեղեկանում էի, որ մշտապես հաճախում է մարզադահլիճներ, հետեւում թիմերի մարզումներին: Երբ գլխավորում էր Հայաստանի հավաքականը, ես այդ ժամանակ փոքր էի՝ 15-16 տարեկան: Հիանում էի նրանով: Ցավում եմ, որ մեզնից հեռացավ նրա նման լեգենդը, ում անունը ամբողջ ԽՍՀՄ-ը եւ աշխարհը գիտեր»,- ասաց Արմեն Նազարյանը:

Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Արմեն Մկրտչյանի խոսքով՝ Բենուր Փաշայանը հայ ազգի պատիվն ու հպարտությունն է եղել:

«Մեծ ցավ եմ ապրում Բենուր Փաշայանի վաղաժամ մահվան համար: Նա լեգենդ էր: Մշտապես հպարտացել եմ նրանով: Ազգի պատիվն էր: Նրան ճանաչել եմ, երբ Հայաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահն էր: Նրա մասին միայն լավը կարող եմ ասել: Ցավակցում եմ»,- նշեց Արմեն Մկրտչյանը:

Հայաստանի հավաքականի մարզիչ Սամվել Գեւորգյանը վերջերս էր հանդիպել Բենուր Փաշայանին: Միասին անցկացրել էին պատանիների մրցաշար Երեւանում:

«Շատ մեծ կորուստ է ապրում ըմբշամարտի աշխարհը: Բենուր Փաշայանը եղել է աշխարհահռչակ, տաղանդավոր եւ կամային հատկություններով օժտված ըմբիշ: Հիվանդությունները ըմբշամարտում կրած տանջանքներից էլ կարող էր լինել, որովհետեւ մշտապես շատ մեծ քաշ էր գցում մրցաշարերից առաջ:

Լավ մարդ էր: Եթե մի փոքր իրեն հետեւեր, ավելի մեծ հաջողությունների կարող էր հասնել: Մեծ աշխատանք է տարել Հայաստանի հավաքականի կազմավորման հարցում: 1997-98 թվականներից միասին աշխատել ենք: Սա մեծ կորուստ է բոլորիս համար: Ամեն անգամ մրցաշարերին գալիս էր, երիտասարդներին քաջալերում: Լավ էր զգում, որ բոլորիս ուշադրության կենտրոնում էր լինում, որովհետեւ իր հիվանդության պատճառով հետ էր ընկնում կոլեկտիվից:

Այս օրերին Հայաստանի հավաքականի հետ հավաք ենք անցնում Ծաղկաձորում: Նախորդ երեկո մեր ավագ ընկերոջ, աշխարհահռչակ Ստեփան Սարգսյանի հետ զրուցում էինք Բենուր Փաշայանի մասին: Տպավորություն է, թե բոլորիս սիրտը, կարծես, զգում էր, որ նման բան է լինելու:

Ամբողջ ըմբշամարտի աշխարհի անունից մեր ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքի անդամներին: Նա միշտ կմնա մեր ստերում, որպես կենդանի լեգենդ: Կփորձենք անել հնարավորը, որպեսզի մեր մարզիկները դառնան նրա նման լեգենդներ ըմբշամարտում»,- ասաց Սամվել Գեւորգյանը:

Բենուր Փաշայանը ծնվել է 1959 թ. ապրիլի 15-ին Վրաստանի Ախալքալաքի շրջանի Ազավրեթ գյուղում: Ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական ինստիտուտը 1985 թվականին: ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ էր, ԽՍՀՄ երիտասարդական (1977-79), Համաշխարհային ուսանողակն խաղերի ( 1981) չեմպիոն, աշխարհի գավաթակիր (1982), ԽՍՀՄ ժողովուրդների 8-րդ սպարտակիադայի հաղթող (1983), Եվրոպայի կրկնակի (1981, 1982), աշխարհի կրկնակի (1982,1983) չեմպիոն:

Բենուր Փաշայանը 1986-1989-ին գլխավորել է Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը: 1999-2000-ին եղել է ՀԱՕԿ նախագահ: 

Բենուր Փաշայանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին, ժամը 18:00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով