14:09  +04,  13 դեկտեմբերի, 2019

Արսեն Բեգլարյանը՝ հավաքականում իրավիճակի մասին․ Բոլորս նույն նավակում ենք (ֆոտո)

Մոգիլյովի «Դնյապրոն» անցումային հանդիպումներում պարտվել է Բելառուսի առաջնության Առաջին լիգան ներկայացնող «Ռուխին» եւ դուրս է մնացել Բարձրագույն լիգայից։

Առաջին խաղում 1։2 հաշվով պարտված «Դնյապրոն» պատասխան խաղում հաղթել է նույն հաշվով, սակայն 11 մետրանոցներն ավելի հաջող են իրացրել «Ռուխի» ֆուտբոլիստները։ «Դնյապրոյի» եւ Հայաստանի հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը հետ է մղել 11 մետրանոց հարվածներից մեկը, սակայն դա քիչ է եղել։

Արսեն Բեգլարյանը «Դնյապրոյում» անցկացրել է 11 հանդիպում։ Նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվել է։

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում 26-ամյա դարպասապահը պատմել է անցումային հանդիպումների, նոր ակումբ փնտրելու, Հայաստանի հավաքականում մրցելույթների եւ ՀՖՖ նախագահի եւ գործկոմի անդամների առաջիկա ընտրությունների մասին։

Խաղադաշտը նման էր հոկեյի սառցադաշտի

Ցավոք, հայտնվեցինք անցումային հանդիպումներում։ Մարզիչը որոշեց ինձ վստահել տեղը մեկնարկային կազմում։ Առաջին խաղում հսկայական առավելություն ունեինք, սակայն բազմաթիվ պահեր չիրացրինք։

Տնային խաղում խաղադաշտը վատ վիճակում էր եւ նման էր հոկեյի սառցադաշտի։ Այդպիսի խաղադաշտում թիմերի կարգը հավասարվել էր։ Բայց կարողացան երկու գոլ խփել մինչեւ 75-րդ րոպեին։ Վերջնամասում կորցրեցինք կենտրոնացումը եւ բաց թողեցինք մեկ գոլ։ Գործը հասավ 11 մետրանոց հարվածներին։ Կարողացա հետ մղել մեկ հարված, եւ մենք առաջ անցանք հաշվի մեջ, բայց հետո երկու սխալ թույլ տվեցինք եւ պարտվեցինք։ Շատ ցավալի արդյունք է։

Կցանկանայի խաղալ Եվրոպայում

Ի՞նչ կարող եմ ասել ապագայի մասին։ Պետք է վերադառնամ տուն եւ հանգստանամ։ Մրցաշրջանն ինձ համար հաջող չդասավորվեց։ Պետք է ուշադիր լինել նոր ակումբի ընտրության հարցում։ Դեռ առաջարկներ չունեմ։ Կաշխատեմ այդ ուղղությամբ։ Իհարկե, կցանկանայի խաղալ Եվրոպայում, քանի դեռ տարիքս թույլ է տալիս։ Առաջին հերթին այդ ուղղությամբ եմ նայում։

Բոլորս նույն նավակում ենք

Ազգային հավաքականում տարին միանշանակ չստացվեց, ինչպես միշտ։ Եղան գերազանց հաղթանակներ եւ անհաջող հանդիպումներ։ Իտալիայի դեմ խաղի մասին խոսել էլ պետք չի։ Այո, տարեվերջում մարզիչի հետ կապված որոշակի իրավիճակ կար, բայց հավանաբար ամեն ինչ կհնագուցալուծվի ՀՖՖ նախագայի եւ գործկոմի ընտրություններից հետո։ Ամեն դեպքում, բոլորս նույն նավակում ենք, այնպես որ բոլոր իրավիճակներն էլ պետք է միասին հանգուցալուծենք։

Ընտրությունների հետ կապված իրադարձություններին առանձնապես չեմ հետեւում, այդ մասին որեւէ հստակ բան ասել չեմ կարող։ Կենտրոնացած էի ակումբային գործերի վրա, անցումային հանդիպումները շատ կարեւոր էին։

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով




  • Լրահոս