15:39  +04,  11 դեկտեմբերի, 2019

UWW-ի գործկոմի անդամ․ Հայաստանը հավակնում է դառնալ այս տարածաշրջանում ըմբշամարտի կենտրոն

Հայաստանը հավակնում է դառնալ տարածաշրջանի ըմբշամարտի կենտրոնը: Այս մասին ասել է Արաբական երկրերի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, UWW-ի (Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիա) գործադիր կոմիտեի անդամ, Քաթարը ներկայացնող Զամել Սայաֆ Ալ Շահրանին, որն այս օրերին գտնվում է Հայաստանում:

Այցի նպատակը Հայաստանում ուսումնամարզական բազաներն ուսումնասիրելն ու Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հետ համագործակցություն սկսելը:

Դեկտեմբերի 11-ին «Օլիմպավանում» Արաբական երկրների ըմբշամարտի ֆեդերացիայի եւ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի միջեւ կնքվեց համագործակցության հուշագիր:

«Դեռ երկու տարի առաջ պետք է ժամանեի Հայաստան, բայց հանգամանքների բերում այցս հետաձգվեց: Շնորհակալ եմ երկօրյա ընդունելության համար: Այցիս նպատակը հայկական ըմբշամարտին եւ տեղի պայմաններին ծանոթանալն է: Մեր ֆեդերացիայի ներքո գործում են 22 արաբական երկրներ, որոնցից 18-ն են ակտիվ: Հայաստանի հետ համագործակցության գլխավոր նպատակն է օգնել արաբական երկրներում ըմբշամարտի զարգացմանը: Վստահ եմ, որ այս հուշագիրը կօգնի մեզ բարձրացնել մեր երկրներում ըմբշամարտի վիճակը:

Երեկ եղա Ծաղկաձորի մարզաբազայում, շրջեցի նաեւ «Օլիմպավանում»: Այն ինչ տեսա այստեղ, չեմ տեսել ոչ մի երկրում: Ձեր պայմանները գերազանցում են նույնիսկ Հարավային Կորեայի պայմաններին: Մեր մարզիկներն այստեղ կմարզվեն, փորձի փոխանակման հնարավորություն կունենան: Եթե ամեն ինչ շատ լավ ընթանա, միջազգային ֆեդերացիայի հետ ծրագրում ենք Հայաստանը դարձնել տարածաշրջանում ըմբշամարտի կենտրոն:  Հայաստան այցիս մասին տեղյակ է նաեւ UWW նախագահը եւ ստորագրված հուշագիրը կուղարկվի նաեւ նրան, որպեսզի այս համագործակցությունը աջակցություն ստանա ու վերահսկվի UWW-ի կողմից»,- ասաց Զամել Սայաֆ Ալ Շահրանին:

 Հուշագիրը ստորագրեցին Ալ Շահրանին եւ ՀԸՖ նախագահ Ռոբերտ Խաչատրյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: