15:18  ,  11 դեկտեմբերի, 2019

Վալվերդե․ Զգում ենք, որ պարտավոր ենք հաղթել Չեմպիոնների լիգայում

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն ամփոփել է Միլանի «Ինտերի» հետ հանդիպումը Չեմպիոննների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրում։ Կատալոնական թիմը Միլանում առավելության էր հասել 2։1 հաշվով։

«Մենք մրցեցինք իսկապես ուժեղ մրցակցի հետ եւ խաղացինք հաղթանակի համար։ Մեր կազմից շատերն առաջին անգամ հանդես եկան այս մակարդակում եւ ցուցադրեցին այսպիսի մրցաշարում մրցունակ լինելու որակներ։

Կարլես Պերեսն ունի գոլային հոտառություն եւ գերազանց հարված։ Ֆատին էությամբ ռմբարկու է։ Նա որոշակի ցավեր ուներ, բայց մենք ցանկանում էինք նրան մի քանի րոպե խաղաժամանակ տրամադրել։ Ուրախալի է, որ «Բարսելոնայի» տղան է Չեմպիոնների լիգայում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։

Մենք զգում ենք, որ պարտավոր ենք հաղթել Չեմպիոնների լիգայում։ Մենք ցանկանում ենք հաղթել բոլոր հանդիպումներում»,- Վալվերդեի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«Բարսելոնան» դեռ նախորդ տուրում ապահովել էր 1/8 եզրափակիչի ուղեգիրը, «Ինտերը» չհաղթահարեց խմբային փուլի արգելքը։ F խմբից երկրորդ ուղեգիրը նվաճեց Դորտմունդի «Բորուսիան», որը 2։1 հաշվով հաղթեց չեխական «Սլավիային» եւ 10 միավորով գրավեց երկրորդ տեղը։ 7 միավոր վաստակած «Ինտերը» պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում