12:16  ,  11 դեկտեմբերի, 2019

Միշա Ալոյան․ Եթե նախագահը ասի, որ պետք է գնալ միջազգային մրցումների, ապա պետք է մոռանալ քաղաքականությունը եւ մասնակցել

Ռուսաստանցի բռնցքամարտիկ Միշա Ալոյանը պատրաստ է մասնակցել միջազգային մրցումների չեզոք դրոշի տակ, եթե այդպիսի որոշում ընդունի երկրի ղեկավարությունը։ Այդ մասին նա ասել է Կեմերովոյում WBA Gold տիտղոսի համար մենամարտում պանամարի Ռոնալ Բատիստային հաղթելուց հետո։

«Եթե նախագահը ասի, որ պետք է գնալ միջազգային մրցումների, ապա պետք է մոռանալ քաղաքականությունը եւ մասնակցել։ Եթե պետք է գնալ, ապա ավելի ակտիվ կմարզվենք։ Մյուսներին եւս խորհուրդ կտամ մարզվել եւ պատրաստ լինել մեկնարկների»,- Ալոյանի խոսքը մեջերում է tass.ru-ն։

Ալոյանը 2012թ․ Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է։ 2016թ․ Ռիոյի Խաղերում նա նվաճել էր արծաթե մեդալ, սակայն արգելված դեղամիջոց օգտագործելու պատճառով զրկվեց մեդալից։

Հիշեցնենք, որ Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) Ռուսաստանին չորս տարով զրկել է միջազգային մրցումների (այդ թվում Օլիմպիական խաղերի եւ աշխարհի առաջնությունների) մասնակցելու իրավունքից։

Պատժամիջոցների պատճառը Մոսկվայի հավատարմագրված հակադոպինգային լաբորատորիայում հայտնաբերված խարդախություններն են, որոնց նպատակը եղել է ռուսաստանցի մարզիկների դրական դոպինգ թեստերի (2012-2015 թվականների) կոծկումը։ Ռուսաստանը զրկվել է նաեւ առաջիկա չորս տարիներին խոշոր միջազգային մրցումներ ընդունելու իրավունքից։ 

Ռուսաստանը WADA-ի որոշումը կարող է բողոքարկել Լոզանի մարզական վճռաբեկ դատարանում։ Բողոքարկման մերժման դեպքում, հակադոպինգային կանոնադրության խախտումների հետ առնչություն չունեցած ռուսաստանցի մարզիկները հնարավորություն կունենան միջազգային մրցումների մասնակցել ՄՕԿ-ի դրոշով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում