15:45  ,  10 դեկտեմբերի, 2019

Աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Դալալոյան․ Բացարձակապես համաձայն չեմ այսպիսի ծայրահեղ որոշման հետ

Սպորտային մարմնամարզության աշխարհի եռակի չեմպիոն, ռուսաստանցի Արթուր Դալալոյանը մեկնաբանել է Ռուսաստանին չորս տարով միջազգային մրցումներից զրկելու մասին Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) որոշումը։

«Բացարձակապես համաձայն չեմ այսպիսի ծայրահեղ որոշման հետ եւ հակադոպինգային կանոնադրության խախտումների հետ առնչություն չունեցող մարզիկների նկատմամբ վերաբերմունքի հետ։

Դեռ ոչ մի ստույգ բան չեմ կարող ասել չեզոք դրոշի տակ իմ մասնակցության վերաբերյալ։ Իմ պատկերացմամբ, մեր թիմի համար նույնիսկ չեզոք դրոշով մասնակցությունը երաշխավորված չէ»,- Դալալոյանի խոսքը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

WADA-ն Ռուսաստանին չորս տարով զրկել է միջազգային մրցումների (այդ թվում Օլիմպիական խաղերի եւ աշխարհի առաջնությունների) մասնակցելու իրավունքից, հաղորդում է Inside The Games-ը։ Պատժամիջոցների պատճառը Մոսկվայի հավատարմագրված հակադոպինգային լաբորատորիայում հայտնաբերված խարդախություններն են, որոնց նպատակը եղել է ռուսաստանցի մարզիկների դրական դոպինգ թեստերի (2012-2015 թվականների) կոծկումը։ Ռուսաստանը զրկվել է նաեւ առաջիկա չորս տարիներին խոշոր միջազգային մրցումներ ընդունելու իրավունքից։ 

Ռուսաստանը WADA-ի որոշումը կարող է բողոքարկել Լոզանի մարզական վճռաբեկ դատարանում։ Բողոքարկման մերժման դեպքում, հակադոպինգային կանոնադրության խախտումների հետ առնչություն չունեցած ռուսաստանցի մարզիկները հնարավորություն կունենան միջազգային մրցումների մասնակցել ՄՕԿ-ի դրոշով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում