11:15  ,  10 դեկտեմբերի, 2019

Անտոնիո Կոնտե․ Հիմար կլինենք, եթե մտածենք, որ չենք տառապելու, երբ «Բարսելոնան» վերցնի գնդակը

Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 6-րդ տուրի հանդիպումից սպասելիքների մասին։ Խաղը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Իտալիայում։ Հանդիպմանը չի մասնակցի Իսպանիայի չեմպիոնների առաջատար Լիոնեին Մեսին, որը հանգստի հնարավորություն է ստացել։

«Հիմար կլինենք, եթե մտածենք, որ չենք տառապելու, երբ «Բարսելոնան» վերցնի գնդակը։ Բայց երբ այն լինի մեր խաղացողների մոտ, մենք կձգտենք հասնել առավելագույնի։ «Բարսելոնան» 4-5 թիմերից մեկն է, որը մրցաշրջանի մեկնարկից առաջ արդեն նպատակ է դնում նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը։ Նրանք առաջին տեղն ապահովել են խմբում եւ կարող խաղալ առանց ճնշման։ Դա կարող է ավելի շատ դժվարություններ ստեղծել «Ինտերի» համար։

Երկու ամիս է անցել «Կամպ Նոու» ստադիոնում կրած պարտությունից։ Դրանից հետո մենք բախվել ենք դժվարությունների եւ ավելի ենք առաջադիմել։ «Բարսելոնայի» դեմ մենք խաղացել ենք խիզախությամբ եւ մեծ ձգտումով, բայց պարտվել ենք մի քանի լավ գրոհների պատճառով»,- Կոնտեի խոսքը մեջբերում է Marca-ն։

Կատալոնիայում Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը «Ինտերին» հաղթել էր 2։1 հաշվով։ F խմբում «Բարսելոնան» 11 միավորով ապահովել է առաջին տեղն ու 1/8 եզրափակիչի ուղեգիրը։

«Ինտերն» ու Դորտմունդի «Բորուսիան» ունեն 7-ական միավոր։ Գերմանական թիմը կընդունի 2 միավոր վաստակած չեխական «Սլավիային»։

«Ինտեր» - «Բարսելոնա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում