10:50  ,  10 դեկտեմբերի, 2019

ՄՕԿ նախագահ․ WADA-ի որոշումները պարտադիր են կատարման համար

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը մեկնաբանել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) գործկոմի որոշումը Ռուսաստանի վերաբերյալ։

«WADA-ի որոշումները պարտադիր են կատարման համար։ Միջազգային օլիմպիական կոմիտեն հավատարիմ է օրենքի գերակայությանը, եւ մենք կկատարենք այդ որոշումը»,- Բախի խոսքը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

WADA-ն Ռուսաստանին չորս տարով զրկել է միջազգային մրցումների (այդ թվում Օլիմպիական խաղերի եւ աշխարհի առաջնությունների) մասնակցելու իրավունքից, հաղորդում է Inside The Games-ը։ Պատժամիջոցների պատճառը Մոսկվայի հավատարմագրված հակադոպինգային լաբորատորիայում հայտնաբերված խարդախություններն են, որոնց նպատակը եղել է ռուսաստանցի մարզիկների դրական դոպինգ թեստերի (2012-2015 թվականների) կոծկումը։ Ռուսաստանը զրկվել է նաեւ առաջիկա չորս տարիներին խոշոր միջազգային մրցումներ ընդունելու իրավունքից։ 

Ռուսաստանը WADA-ի որոշումը կարող է բողոքարկել Լոզանի մարզական վճռաբեկ դատարանում։ Բողոքարկման մերժման դեպքում, հակադոպինգային կանոնադրության խախտումների հետ առնչություն չունեցած ռուսաստանցի մարզիկները հնարավորություն կունենան միջազգային մրցումների մասնակցել ՄՕԿ-ի դրոշով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում