00:49  ,  10 դեկտեմբերի, 2019

Վալվերդե. Ցանկանում եմ մրցել լավագույն «Ինտերի» դեմ

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի՝ «Ինտերի» դեմ խաղին նախորդած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իր թիմը խաղալու է միայն հաղթանակի համար, չնայած արդեն ապահովել է տեղը փլեյ-օֆֆում:

«Մենք ժամանել ենք Միլան հերթական 3 միավորը վաստակելու նպատակով: Ցանկանում եմ խաղադաշտում տեսնել լավագույն «Ինտերին», քանի որ այս խաղին չի մասնակցելու Լիոնել Մեսին, և թիմի մյուս ֆուտբոլիստները հնարավորություն կունենան դրսևորել իրենց:

«Ինտերի» հետ խաղում «Բարսելոնայի» դարպասը կպաշտպանի Նետոն: Կարծում եմ՝ այս խաղը լավ հնարավորություն կլինի նաև Նետոյի համար:

«Ինտերի» կազմից կառանձնացնեմ Լաուտարո Մարտինեսին: «Կամպ Նոու» ստադիոնում տեղի ունեցած խաղում նա դարձել է գոլի հեղինակ, և վստահ եմ, որ այս խաղում ևս փորձելու է լուրջ խնդիրներ ստեղծել մեզ համար»,- Վալվերդեի խոսքը մեջբերում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը:

«Ինտեր» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին՝ Երևանի ժամանակով 23:55-ին:

«Բարսելոնան» 11 միավորով ապահովել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ուղեգիրը։ «Ինտերն» ու Դորտմունդի «Բորուսիան» վաստակել են 7-ական միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս