19:55  ,  9 դեկտեմբերի, 2019

Մոուրինյոյի նախկին օգնականը` Հայաստանի, Մելենդեսի և Ժոզեի մասին

Դեկտեմբերի 9-ից 10-ը Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում անցկացվում է մարզչական արտոնագրերի թարմացման երկօրյա աննախադեպ դասընթաց՝ Եվրոպայի մարզչական կրթության առաջատար մասնագետների մասնակցությամբ:

Սեմինարին մասնակցում է նաև Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Մադրիդի «Ռեալում» Ժոզե Մոուրինյոյի նախկին օգնական, անգլիական «Միդլսբրոն» և «Նոթինգեմ Ֆորեսթը» գլխավորած Այտոր Կարանկան, որը կիսվեց իր տպավորություններով, հիշեց Հայաստանում կայացած Իսպանիայի հավաքականի կազմում նորամուտը, դրվատանքի խոսքեր ասաց Մոուրինյոյի և ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի հասցեին:

«Առաջին հանդիպումը Իսպանիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել եմ հենց Հայաստանում` 25 տարի առաջ, երբ դեռ 21 տարեկան էի: Այդ խաղը ընդմիշտ կմնա իմ հիշողության մեջ:

Շատ բաներ եմ սովորել Խինես Մելենդեսից, որը մեծ ավանդ ունի իմ` որպես մարզիչ կայանալու մեջ: Խինեսը հիանալի մարդ է և շատ ուժեղ մասնագետ: Իսպանիայում նա արդեն ապացուցել է, որ կարողանում է մեծ հաջողությունների հասնել պատանեկան ֆուտբոլում, ակադեմիա կառուցել: Վստահ եմ, որ նույնը Մելենդեսը կկարողանա անել նաև Հայաստանում: Նույնիսկ Իսպանիայում Մելենդեսի պես ֆուտբոլային քիչ մասնագետներ կան:

Կաշխատեի՞ Հայաստանում համապատասխան հրավերի դեպքում: Ժամանակը ցույց կտա:

Մոուրինյոն շատ ուժեղ կողմեր ունի: Ժոզեն միշտ ազնիվ է ֆուտբոլիստների հետ ու խաղացողներից սպասում է առավելագույն նվիրվածություն և արդյունք: Նա աշխարհի լավագույն մասնագետներից մեկն է: Շատ բաներ եմ սովորել թե Մոուրինյոյից, և թե Մելենդեսից»,- նշեց Կարանկան:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով