Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, թրամարտի Ռուսաստանի հավաքականի անդամ Յանա Եգորյանը մեկնաբանել է համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) գործադիր կոմիտեի ընդունած որոշումը, որով Ռուսաստանը չորս տարով զրկվել է միջազգային մրցումների (այդ թվում Օլիմպիական խաղերի եւ աշխարհի առաջնությունների) մասնակցելու իրավունքից:
«Որոշումն ընդունված է...: WADA-ն չորս տարով փակեց ռուսական սպորտը: Մարզիկները չեն կարողանա Ռուսաստանը ներկայացնել 2020 թվականին Տոկիոյում տեղի ունենալիք Օլիմպիական խաղերում: Այս որոշումը շատ հիասթափեցնող է, սակայն մենք չենք պատրաստվում հանձնվել, քանի որ «մաքուր» մարզիկներն, այնուամենայնիվ, հնարավորություն կստանան մասնակցել Օլիմպիական խաղերին: Այո, առանց դրոշի: Այո, առանց հիմնի: Այո, ամբողջովին սպիտակ, սակայն մենք կստանանք հնարավորություն:
Իմ թիմը և ես շարունակում ենք աշխատել, մասնակցել որակավորման մրցումներին՝ պատրաստվելով ամենակարևոր մեկնարկին, որպեսզի ոսկե մեդալը բերենք մեր երկիր՝ Ռուսաստան: Մենք ցանկանում ենք, որ դուք և մեր երկիրը հպարտանա նրանով, որ ուժեղագույն մարզիկները ներկայացնում են հենց Ռուսաստանը»,- գրել է Յանա Եգորյանն Ինստագրամի իր պաշտոնական էջում:
WADA-ի ընդունած խիստ պատժամիջոցների պատճառը Մոսկվայի հավատարմագրված հակադոպինգային լաբորատորիայում հայտնաբերված խարդախություններն են, որոնց նպատակը եղել է ռուսաստանցի մարզիկների դրական դոպինգ թեստերի (2012-2015 թվականների) կոծկումը։
Ռուսաստանը զրկվել է նաեւ առաջիկա չորս տարիներին խոշոր միջազգային մրցումներ ընդունելու իրավունքից։ Մոսկվայի հակադոպինգային գործակալությունը զրկվել է կարգավիճակից։
Ռուսաստանը WADA-ի որոշումը կարող է բողոքարկել Լոզանի մարզական վճռաբեկ դատարանում։ Բողոքարկման մերժման դեպքում, հակադոպինգային կանոնադրության խախտումների հետ առնչություն չունեցած ռուսաստանցի մարզիկները հնարավորություն կունենան միջազգային մրցումների մասնակցել ՄՕԿ-ի դրոշով։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում