16:34  +04,  9 դեկտեմբերի, 2019

Մելենդես․ Եթե Մելիքբեկյանը մնա ՀՖՖ-ում, կշարունակեմ ծրագրի իրականացումը

Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում անցկացվում է մարզչական արտոնագրերի թարմացման երկօրյա աննախադեպ դասընթաց՝ Եվրոպայի մարզչական կրթության առաջատար մասնագետների մասնակցությամբ:

Լրագրողների հետ զրույցում իր տպավորություններով կիսվեց նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը, որի շնորհիվ Երևան են ժամանել և սեմինարին մասնակցում են նաև Ժոզե Մոուրինյոյի հետ Մադրիդի «Ռեալում» աշխատած անվանի իսպանացի մասնագետ Այտոր Կարանկան, նրա օգնական Խուան Վիլան ու անգլիական «Լիդս Յունայթեդի» սպորտային տնօրեն Վիկտոր Օրտան:

«Բավական մեծ և հայ մարզիչների համար օգտակար միջոցառում ենք կազմակերպել: Հաջողվել է Հայաստան հրավիրել նաև անվանի մասնագետների, ինչը նույնպես օգտաբեր կլինի տեղի մարզիչների համար:

Մենք Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլը զարգացնելու մեծ ծրագիր ենք մշակել և ներկայացրել: Եթե Արմեն Մելիքբեկյանը մնա ֆուտբոլի ֆեդերացիայում, ես էլ կերկարաձգեմ պայմանագիրս և կշարունակեմ աշխատել: Սա պատասխանատվության և նվիրվածության հարց է այն մարդու նկատմամբ, որը քեզ հրավիրել է աշխատելու և քեզ հետ հույսեր է կապում: Ես միշտ էլ այդպես եմ վարվել: Տեսնում ենք բազմաթիվ պատանի տաղանդավոր հայ ֆուտբոլիստների, որոնց մեծ ապագա է սպասվում: Տարիներ շարունակ երիտասարդ հայ ֆուտբոլիստների պատրաստումը համակարգված չէր, ընդհանուր ծրագիր չկար: Եվ նույնիսկ այս պայմաններում ունենք Հենո, Կառլեն, Կամո, բայց էլ ավելի մեծ ներուժ ունենք:

Ինձ համար մեծ անակնկալ էր Գյուլբուդաղյանցի հրաժարականը: Արմենը հիանալի հավաքական էր կառուցել, որը լրջորեն հավակնում էր եզրափակիչ փուլ դուրս գալուն: Հիմա պետք է քայլ առ քայլ առաջ շարժվենք` հզոր ազգային թիմ ունենալու ճանապահով»,- նշեց Մելենդեսը:

ՈւԵՖԱ-ի մարզչական արտոնագրերի թարմացման դասընթացին մասնակցում են տարբեր տարիներին ՊՐՈ, Ա և Բ արտոնագիր ստացած ավելի քան 250 մարզիչներ:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: