16:05  ,  9 դեկտեմբերի, 2019

Արթուր Պետրոսյան. Մոտ օրերս եվրոպական ակումբ կգլխավորեմ

Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում անցկացվող մարզչական արտոնագրերի թարմացման երկօրյա դասընթացին ներկա է նաեւ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ և գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը: Լրագրողների հետ զրույցում նա ներկայացրեց  տպավորությունները դասընթացից, նաև պատմեց իր ծրագրերի մասին։

«Հիանալի նախաձեռնություն է, շատ հետաքրքիր սեմինար է կազմակերպված: Անվանի և փորձառու բանախոսներ ունենք, ինչը շատ կարևոր է: Հաճելի է տեսնել հին ու նոր ընկերների, զրուցել ֆուտբոլի մասին և ոչ միայն:

Սեմինարի ընթացքում իսպանացի մասնագետները ներկայացրին նաև այն ծրագիրը, որով պետք է զարգանա մեր մանկապատանեկան ֆուտբոլը: Ինքս աշխատել եմ շվեյցարական «Ցյուրիխի» պատանեկան թիմերի հետ և գիտեմ, որ մեկ տարին այսպիսի ծրագրերի համար շատ փոքր ժամանակահատված է: Մեր ամենամեծ խնդիրը համբերության պակասն է: Եթե ծրագիրը հաստատվում է, պետք է ժամանակ հատկացնել այդ ծրագրի իրականացման համար:

Վերջին ժամանակաշրջանում գտնվում եմ Շվեյցարիայում, մոտ օրերս նորություններ կլինեն: Կգլխավորեմ շվեյցարական կամ մեկ այլ եվրոպական ակումբ, ամեն ինչ վերջնական փուլում է»,- նշեց Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Պետրոսյանը հեռացել էր Վանաձորի «Լոռիի» գլխավոր մարզիչի պաշտոնից։

ՈւԵՖԱ-ի մարզչական արտոնագրերի թարմացման դասընթացին մասնակցում են տարբեր տարիներին ՊՐՈ, Ա և Բ արտոնագիր ստացած ավելի քան 250 մարզիչներ:

Երևան են ժամանել և սեմինարին մասնակցում են նաև Ժոզե Մոուրինյոյի հետ Մադրիդի «Ռեալում» աշխատած անվանի իսպանացի մասնագետ Այտոր Կարանկան, նրա օգնական Խուան Վիլան և անգլիական «Լիդս Յունայթեդի» սպորտային տնօրեն Վիկտոր Օրտան:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում