14:41  ,  9 դեկտեմբերի, 2019

WADA-ն Ռուսաստանին 4 տարով հեռացրեց միջազգային մրցումներից

Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) գործադիր կոմիտեն ընդունեց կազմակերպության հակադոպինգային համապատասխանության կոմիտեի հանձնարարականը եւ Ռուսաստանին չորս տարով զրկեց միջազգային մրցումների (այդ թվում Օլիմպիական խաղերի եւ աշխարհի առաջնությունների) մասնակցելու իրավունքից, հաղորդում է Inside The Games-ը։

Շվեյցարիայի Լոզան քաղաքում ընթացող նիստում որոշումն ընդունվել է միաձայն։ Նման խիստ պատժամիջոցների պատճառը Մոսկվայի հավատարմագրված հակադոպինգային լաբորատորիայում հայտնաբերված խարդախություններն են, որոնց նպատակը եղել է ռուսաստանցի մարզիկների դրական դոպինգ թեստերի (2012-2015 թվականների) կոծկումը։

Ռուսաստանը զրկվել է նաեւ առաջիկա չորս տարիներին խոշոր միջազգային մրցումներ ընդունելու իրավունքից։ Մոսկվայի հակադոպինգային գործակալությունը զրկվել է կարգավիճակից։

Ռուսաստանը WADA-ի որոշումը կարող է բողոքարկել Լոզանի մարզական վճռաբեկ դատարանում։ Բողոքարկման մերժման դեպքում, հակադոպինգային կանոնադրության խախտումների հետ առնչություն չունեցած ռուսաստանցի մարզիկները հնարավորություն կունենան միջազգային մրցումների մասնակցել ՄՕԿ-ի դրոշով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում