15:12  +04,  7 դեկտեմբերի, 2019

Արթուր Սողոմոնյան. Հայկական ֆուտբոլում իրավիճակն ավելի անհեթեթ է դառնում

Հայաստանի փոխչեմպիոն Երևանի «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում անդրադարձել է դեկտեմբերի 6-ին ՀՖՖ գրասենյակում տեղի ունեցած ՀՖՖ Գործկոմի արտահերթ նիստին, որի ընթացքում ՀՖՖ նախագահի պաշտոնում «Փյունիկի» կողմից առաջադրված Կիպրոսի «Արարատի» հիմնադիր Արսեն Աղաջանյանի թեկնածությունը չընդունվեց:

«2019 թվականի դեկտեմբերի 6-ն, անկասկած, հայկական ֆուտբոլի սև օրերից մեկն է:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատել է ՀՖՖ նախագահի և գործկոմի անդամների թեկնածուների վերջնական ցուցակը: Հերթական անգամ ֆուտբոլային պաշտոնյաները ցույց տվեցին իրենց կողմնակալությունը և օբյեկտիվության բացակայությունը՝ թաղելով դրական փոփոխությունների բոլոր հույսերը:

Որոշման ընդունման սկզբունքն ինքնին տրամաբանական չէ: Թեկնածուներից մեկն ինքն է որոշում՝ ում թեկնածությունն ընդունի, իսկ ումը՝ ոչ, և, բնականաբար, չընդունեց, իմ կարծիքով, ամենաանկախ ու ուժեղ մրցակցի՝ Արսեն Աղաջանյանի թեկնածությունը: Թեկնածության չընդունման պատճառն առհասարական դուրս է տրամաբանությունից. Արսեն Աղաջանյանի ղեկավարած ակումբները Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայում գրանցված չեն, հետևաբար՝ պրոֆեսիոնալ չեն: Այդ որոշումն ընդունողները, հավանաբար, տեղյակ չեն, որ կանոնադրության համաձայն, թեկնածուն պետք է երկու տարի կապ ունենա ֆուտբոլի հետ՝ այդ թվում և սիրողական, իսկ պրոֆեսիոնալ սպորտի մասին խոսք անգամ չկա: Գործկոմի թեկնածուների մեծ մասը, այդ թվում՝ նախագահի թեկնածու Արմեն Մելիքբեկյանը, չեն կարող հաստատել, որ երկու տարի կապ են ունեցել պրոֆեսիոնալ ֆուտբոլի հետ, հետևաբար՝ նաև իրավունք չեն ունենա ընտրվել: Բայց, հասկանալի պատճառներով, հանվել է միայն «Փյունիկի» թեկնածուի՝ Արսեն Աղաջանյանի թեկնածությունը:

Իրավիճակը հայկական ֆուտբոլում ավելի անհեթեթ է դառնում: ՀՖՖ նախագահի թեկնածուներից երկուսը մարդիկ են, որոնք վերջերս հայտարարեցին, որ հրաժարական են տալիս, քանի որ չեն կարողացել կատարել իրենց վրա դրված պարտականությունները և կործանման եզրին են հասցրել հայկական ֆուտբոլը: Թեկնածուներից մեկն ակումբի սեփականատեր է, իսկ զարգացած երկրներում ակումբի սեփականատերն ընդհանրապես իրավունք չունի թեկնածություն առաջադրել:

Երրորդ թեկնածուն Խորեն Հովհաննիսյանն է, որն ունի երկրպագուների մեծ աջակցությունը, սակայն, ցավոք, նրա ընտրվելու շանսերը բավականին քիչ են, քանի որ Արմեն Մելիքբեկյանը տիրապետում է լծակների և ունի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությունը, իսկ Թովմաս Գրիգորյանին աջակցում է ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին ղեկավարությունը: Ակնհայտ է, որ այս երկու թեկնածուներից մեկի հաղթանակի դեպքում իմաստ չունի դրական փոփոխություններ ակնկալել հայկական ֆուտբոլում. կամ մենք կգլորվենք հետ, կամ կմնանք այն վիճակում, որում գտնվում ենք հիմա: Ինձ համար շատ ցավալի է հետևել իրադարձություններին: Հուսով եմ, որ որոշ ժամանակ անց տեղի կունենան հաջորդ ընտրությունները, և նրանք, ովքեր կկրեն անհաջող աշխատանքի պատասխանատվությունն, իրավունք չեն ունենա առաջադրել իրենց թեկնածությունը»,- գրել է Արթուր Սողոմոնյանը:

ՀՖՖ նախագահի ընտրությանը կմասնակցեն «Ուրարտուի» և «Վանի» կողմից առաջադրված ՀՖՖ փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը, «Անի» ակումբի նախագահ Խորեն Հովհաննիսյանը և «Լոռիի» նախագահ Թովմաս Գրիգորյանը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է «Փյունիկի» կողմից առաջադրված Կիպրոսի «Արարատի» հիմնադիր Արսեն Աղաջանյանի թեկնածությունը՝ «Փյունիկի» կողմից ներկայացված փաստաթղթային փաթեթում ՀՖՖ կանոնադրության հետ անհամապատասխանություններ ունենալու պատճառով:

Ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 23-ին անցկացվելիք ՀՖՖ արտահերթ ընդհանուր ժողովում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով