19:00  ,  4 դեկտեմբերի, 2019

ՀՖՖ-ն հորդորում է զերծ մնալ շահարկումներից և ագրեսիվ կոչերից

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ դեկտեմբերի 23-ին տեղի ունենալիք ՀՖՖ նախագահի և գործկոմի նոր կազմի ընտրության հետ կապված:

«Դեկտեմբերի 23-ին տեղի կունենա ՀՖՖ Արտահերթ ժողովը, որի ընթացքում կկայանան ՀՖՖ նախագահի և Գործկոմի անդամների ընտրությունները: Հաշվի առնելով վերջին շրջանում մամուլում և սոցցանցերում տեղ գտած հրապարակումները, որոնց մեջ շատ են ՀՖՖ նախագահի և գործկոմի անդամների ընտրության վերաբերյալ շահարկումները, թափանցիկություն չապահովելու համար ՀՖՖ-ի հասցեին հնչող մեղադրանքները, հորդորում ենք ֆուտբոլային հասարակությանը դրսևորել զսպվածություն և հանդուրժողականություն, զերծ մնալ շահարկումներից և ագրեսիվ կոչերից:

Ինչպես և նախօրոք տեղեկացրել էինք, դեկտեմբերի 6-ին (ժամի մասին կտեղեկացնենք լրացուցիչ) Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում, կկայանա մամուլի ասուլիս, որի ընթացքում ուղիղ եթերում կհրապարակվեն ինչպես ՀՖՖ նախագահի, այնպես էլ գործկոմի անդամության թեկնածուների և նրանց առաջադրող անդամ կազմակերպությունների անունները: Հրապարակման ամսաթիվը (դեկտեմբերի 6)  պայմանավորված է նրանով, որ առաջադրված թեկնածուների փաթեթները դեռ ստուգվում են իրավաբանների կողմից` դրանց համապատասխանելիությունը ՀՖՖ կանոնադրությանը հաստատելու համար»,- ասված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տարածած հայտարարության մեջ:

Ավելի վաղ NEWS.am Sport-ը հայտնել էր, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը նոյեմբերի 21-ին հեռացել է պաշտոնից, դեկտեմբերի 23-ին կլուծարվի նաեւ ՀՖՖ գործկոմը: Նույն օրը կընտրվի ՀՖՖ նոր նախագահ եւ գործկոմ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս