14:09  +04,  2 դեկտեմբերի, 2019

Հենրիխ Մխիթարյան․ Լավ եմ զգում ինձ, կարոտել էի խաղը

Իտալական «Ռոմայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է «Վերոնայի» դեմ հանդիպումը Իտալիայի առաջնության 14-րդ տուրում։ Հայ ֆուտբոլիստը վնասվածքից հետո առաջին գոլն է խփել։ «Ռոման» հաղթել է 3։1 հաշվով։

«Շատ ուրախ եմ, որ սկսեցի խաղալ։ Լավ եմ զգում ինձ, կարոտել էի խաղը, երկու ամիսը շատ երկար է։ Ցավալի էր բացակայությունը, բայց հիմա ինձ լավ եմ զգում։ Կարծում եմ՝ շատ կարեւոր էր այս հաղթանակը։ Մենք շատ լավ չխաղացինք, բայց ամենակարեւորը 3 միավորն է։

Ագրեսիվ եւ ծանր խաղ էինք սպասում Վերոնայում, շատ լավ ուսումնասիրել էին մրցակցին եւ արեցինք այն, ինչ պահանջվում էր։

Առաջադիմելու շատ տեղ կա։ Մարզիչն ու շատ խաղացողներ դեռ նոր են, մրցաշրջանը երկար է, մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի հաղթենք։ Մենք պետք է կատարենք մարզիչի առաջադրանքները։

Մարզիչի եւ թիմակիցներիս շնորհիվ մարտավարական տեսանկյունից հարմարվելու հետ կապված խնդիր չունեցա «Ռոմայում»։ Բոլոր խաղացողների ձգտումները մեկ ուղղությամբ են։ Խաղադաշտում իմ դիրքի հետ կապված խնդիր չի եղել»,- ասել է Մխիթարյանն իտալերեն՝ նշելով, որ դեռ կատարելագործվելու շատ տեղ ունի իտալերենում։

Հիշեցնենք, որ «Վերոնայի» դեմ արտագնա խաղում Մխիթարյանը փոխարինման էր դուրս եկել 67-րդ րոպեին եւ աչքի ընկել ավելացված երկրորդ րոպեին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս