23:45  ,  30 նոյեմբերի, 2019

Արթուր Դավթյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Ռուսաստանում․ Հակոբ Սերոբյանի ամփոփումը

Արթուր Դավթյանն իրեն արդարացնում է բազմամարտում, բայց Տոկիո-2020 Օլիմպիական խաղերում այս մրցաձեւում հանդես չի գա. Հայաստանում վատ են հասկանում բազմամարտում չորրորդ տեղ գրավելը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Ռուսաստանից ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Ռուսաստանի Պենզա քաղաքում նոյեմբերի 29-30-ն անցկացված կրկնակի օլիմպիական չեմպիոն Միխային Վորոնինի գավաթի խաղարկությունում:

Եվրոպական խաղերի չեմպիոնն առաջինն է եղել բազմամարտում եւ նժույգի վարժությունում: Վորոնինի հուշամրցաշարում Հայաստանը ներկայացել է երկու մարմնամարզիկով:

«Մասնակցեցին Արթուր Դավթյանը եւ Արթուր Ավետիսյանը: Երկուսն էլ 6 գործիք արեցին եւ շատ լավ մասնակցեցին: Կարող էինք թիմային պայքարում առաջին տեղ գրավել: Արթուր Ավետիսյանից դժգոհ եմ, որովհետեւ օղակներում վատ հանդես եկավ: Իսկ Արթուր Դավթյանը շատ լավ մասնակցեց: Նրանից շատ գոհ եմ: Բազմամարտում գրավեց առաջին տեղը: Այսօր մասնակցեց առանձին գործիքների վարժություններում: Մասնակցեց բոլոր վարժություններին, բացի իր հիմնականից՝ հենացատկը եւ ազատ վարժությունից: Որոշեցինք բաց թողնել այդ երկուսը, քանի որ մեջքի հատվածում ցավեր ունի: Չցանկացանք ավելի բարդացնել վիճակը. կարող էր խնդիրներ առաջանալ: Բազմամարտում առաջինն է, բացարձակ չեմպիոն: Հրաշալի արդյունք: Թիմային հաշվարկում երկրորդն ենք. շատ լավ արդյունք է մեզ համար:

Արթուր Դավթյանն առանձին գործիքների եզրափակիչում հաղթեց նաեւ նժույգի վարժությունում, օղակներ՝ երկրորդն էր, զուգափայտում եւ պտտաձողում՝ երրորդը: Արթուր Ավետիսյանը բազմամարտում 10-րդն է, օղակների վարժությունում՝ երրորդը: Փաստորեն օղակների վարժությունում Դավթյանը հաղթեց Ավետիսյանին: Այստեղ նորից դժգոհ եմ նրանից:

Հարություն Մերդինյանի եւ Վահագն Դավթյանի մասնակցությունն այս մրցաշարին իմաստ չկար, քանի որ նրանք երկուսն էլ մեկ գործիք են անում»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Գլխավոր մարզիչի խոսքով, Վորոնինի գավաթին ուժեղ երկրներն էին մասնակցում, մրցակցությունը մեծ էր:

«15 երկիր էր մասնակցում, ուժեղագույններն էին՝ Ռուսաստան, Ճապոնիա, Կորեա: Մրցակցությունը մեծ էր, բայց հասկանալի է, որ աշխարհի առաջնությանը չէր հասնի: Ամեն դեպքում բարձրակարգ մրցաշար է եւ մտնում է միջազգային ֆեդերացիայի օրացուցային պլանում: Սրանով ավարտում ենք նախաօլիմպիական տարին: Այլեւս մրցաշար չունենք մինչեւ 2020 թվական: Թիմը կհանգստանա եւ կնախապատրաստվենք արդեն օլիմպիական տարվան»,- նշեց գլխավոր մարզիչը:

Անդրադառնալով Արթուր Դավթյանի մեջքի ցավերին, Սերոբյանի փոխանցմամբ, վնասվածք չի ստացել: Հիշեցնենք, որ հայ մարմնամարզիկներից օլիմպիական ուղեգիր ունի միայն Արթուր Դավթյանը:

«Չի ընկել, վնասվածք չի ստացել: Ցավերն ուներ դեռեւս Կոտբուսից: Երեւի սա էր պատճառը, որ այնտեղ հենացատկը վատ կատարեց: Ծանրաբեռնվածությունից են ցավերը: Կվերադառնանք Հայաստան եւ կլուծենք այդ խնդիրը: Արթուրի գործը շատ բարդ է. մասնակցում է եւ բազմամարտի, եւ առանձին գործիքների: Կվերադառնանք եւ նրան հանգիստ կտամ:

Տոկիոյի ծրագիրն այս պահի դրությամբ հստակ է. կմասնակցի հենացատկում, որովհետեւ դա է նրա ուժեղ գործիքը: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Արթուրը հնարավորություն ունենա մեդալ նվաճել: Գուցե նաեւ նժույգի վարժությունում մասնակցի. արդարացնում է այս գործիքի վրա: Օրինակ՝ Վորոնինի գավաթում շատ լավ միավորներ վաստակեց: Առայժմ ոչինչ չենք ծրագրում, առաջ չենք ընկնում: Հստակ է, որ գնալու ենք հենացատկ: Մնացածը հետագայում պարզ կլինի: Բազմամարտ չենք անի. վատ են հասկանում բազմամարտում 4-րդ տեղ գրավելը: Դա շատ մեծ արդյունք է իրականում, բայց, ինչպես ասում են, 4-րդ կամ 100-րդը նույն է, պետք է գնալ մեդալի հետեւից»,- նշեց Հակոբ Սերոբյանը:

Արթուր Դավթյանը օլիմպիական ուղեգիրը նվաճել է Շտուտգարտում անցկացված աշխարհի առաջնությունում՝ բազմամարտում զբաղեցնելով 9-րդ տեղը: Ուղեգիրն անվանական է:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում