15:12  ,  29 նոյեմբերի, 2019

«Նոա» ՖԱ․ Անհրաժեշտ է մաքրել ՀՖՖ-ի կազմը կեղծ կազմակերպություններից

Դեկտեմբերի 23-ին անցկացվելիք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամների արտահերթ ժողովին ընդառաջ «Նոա» ՖԱ-ն հայտնում է իր լիակատար աջակցությունը ՀՖՖ անդամների կազմի առողջացման գործընթացի վերաբերյալ մի շարք ակումբների կողմից արված հայտարարությանը։

«Մենք ևս համարում ենք, որ այսօր Հայաստանի ֆուտբոլային համայքին ընձեռվել է ի շահ հայկական ֆուտբոլի գործող իրապես անկախ, այսօր այդքան անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու պատրաստակամ և ունակ պրոֆեսիոնալ ֆուտբոլային ղեկավար կառույց ձևավորելու բացառիկ հնարավորություն, որը բաց թողնելու իրավունք պարզապես չունենք:

ՀՖՖ նոր նախագահի և Գործադիր կոմիտեի անդամների ընտրություններից առաջ անհրաժեշտ է մաքրել ֆեդերացիայի կազմը կեղծ կազմակերպություններից և սկսել առողջացման գործընթացը: Հայկական ֆուտբոլին վերաբերող կարևորագույն որոշումների կայացմանը պետք է մասնակցեն բացառապես ՀՖՖ կանոնադրության պահանջներին լիովին համապատասխանող, ակտիվ ֆուտբոլային գործունեություն ծավալող և ֆուտբոլային հանրության կողմից ընդունված անձինք և կազմակերպությունները։

Նման գործընթացը միայն կարող է ապահովել արդար, թափանցիկ և ֆուտբոլային հանրության վստահությունը վայելող ընտրություններ։

Մեր խորին համոզմամբ՝ վստահության վերականգնումը առաջընթացի և հայկական ֆուտբոլում իրական բարեփոխումների գրավականն է»,- նշվում է ակումբի հայտարարությունում։

ՀՖՖ նախագահի պաշտոնը թափուր է Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում