14:16  ,  29 նոյեմբերի, 2019

«Արսենալը» պաշտոնանկ արեց Էմերիին

Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական կայքում հայտարարել է թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից իսպանացի Ունաի Էմերիին հեռացնելու մասին։

Պաշտոնակատար է նշանակվել Էմերիի օգնական, «Արսենալի» նախկին խաղացող Ֆրեդրիկ Յունգբերգը։

Նշվում է, որ ակումբը աշխատում է նոր գլխավոր մարզիչ հրավիրելու ուղղությամբ։

«Արսենալը» հաղթանակ չի տարել 7 խաղում անընդմեջ՝ կրկնելով 27 տարվա վաղեմության հակառեկորդը։

Էմերին «Արսենալը» գլխավորել էր 2018-ին՝ փոխարինելով 20 տարի թիմը ղեկավարած ֆրանսիացի Արսեն Վենգերին։

Էմերիի գլխավորությամբ «Արսենալն» Անգլիայի անցած առաջնությունում գրավեց 5-րդ տեղը, հասավ Եվրոպայի լիգայի եզրափակիչ եւ պարտվեց Լոնդոնի «Չելսիին»։

Անգլիայի առաջնության 13 տուրից հետո «Արսենալը» 18 միավորով 8-րդ տեղում է։ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրում անգլիական թիմը 1։2 հաշվով պարտվեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում