20:45  ,  27 նոյեմբերի, 2019

Առաջատար եվրոպացի ֆուտբոլային մասնագետները Երևանում կանցկացնեն մարզչական դասընթաց

ՈւԵՖԱ-ի տեխնիկական որակավորման մասին մարզչական կոնվենցիայի 24, 25, 26, 28, 35, 36 և 57 կետերի համաձայն՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեկտեմբերի 9-10-ը կանցկացնի տարբեր տարիների ընթացքում B, A և PRO կարգեր ունեցող մարզիչների համար առաջին շարունակական վերապատրաստումը, որը հնարավորություն կտա մասնակից մարզիչներին թարմացնել իրեն որակավորումը մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Միջոցառումը կմեկնարկի դեկտեմբերի 9-ին՝ ժամը 09։00-ին, Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում։ Սեմինարի ընթացքում կլինեն նաև դասախոսություններ և քննարկումներ։

Հատուկ այս միջոցառման համար Երևան կժամանեն իսպանացի հանրահայտ նախկին ֆուտբոլիստ, մարզիչ Այտոր Կարանկան և նրա օգնական Խուան Վիլան, ՈւԵՖԱ-ի մարզչական կրթության բաժնի պետ Ֆրանկ Լուդոլֆը, Իսպանիայի կանանց ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Պեդրո Լոպեսը, «Լիդս Յունայթեդ» թիմի տնօրեն Վիկտոր Օրտան, բժշկական գիտությունների դոկտոր, մարզական սննդի մասնագետ Անտոնիո Էսկրիբանո Սաֆրան և կլինիկական սննդի ոլորտում բժշկության մագիստրոսի աստիճան ունեցող Անտոնիո Էսկրիբանո Օկոնը, որոնք Եվրոպայի լավագույն մասնագետներն են մարզական սննդաբանության ասպարեզում։

Սեմինարի ընթացքում դասախոսություններով հանդես կգան նաև ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը, Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսը, Հայաստանի Մ-17 հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Լեսկանոն, ինչպես նաև ՀՖՖ մրցավարական բաժնի պետ Միխալ Լիստկևիչը, կբանախոսեն ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը, ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի պետ, Գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը: Կլոր սեղանի շուրջ կայանալիք հանդիպման շրջանակներում ներկաների հարցերին կպատասխանեն 2018/2019 մրցաշրջանի չեմպիոն և գավաթակիր թիմերի գլխավոր մարզիչները՝ Վարդան Մինասյանը և Աբրահամ Խաշմանյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում