17:05  ,  25 նոյեմբերի, 2019

Tata Steel India․ Լեւոն Արոնյանը ձախողվեց կայծակնային խաղի առաջին շրջանում (ֆոտո)

Հնդկաստանի Կալկաթա քաղաքում անցկացվող արագ եւ կայծակնային խաղի Tata Steel Chess India Rapid & Blitz մրցաշարի չորրորդ օրը տեղի ունեցան կայծակնային խաղի առաջին շրջանի 9 պարտիաները։

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը անհաջող հանդես եկավ։ Նա պարտվեց հնդիկներ Պենտալա Հարիկրիշնային եւ Վիշվանաթան Անանդին, հոլանդացի Անիշ Գիրիին, ամերիկացի Հիկարու Նակամուրային, աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն, ոչ ոքի խաղաց հնդիկ Գուջրատի Վիդիտի եւ ամերիկացի Ուեսլի Սոյի հետ։

Հայ գրոսմայստերը հաղթեց միայն չինացի Դին Լիրենին եւ 27 հնարավորից 11 միավորով նախավերջին տեղում է։ Ավելի վատ արդյունք ունի միայն Վիդիտը՝ 10 միավոր։ Առաջատարը Մագնուս Կարլսենն է՝ 21,5 միավոր։

Նոյեմբերի 26-ին տեղի կունենա պատասխան պարտիաները։ Հաղթողը հայտնի կդառնա արագ եւ կայծակնային խաղի արդյունքների հանրագումարում։

Tata Steel Chess India-ն Grand Chess Tour-ի նախավերջին փուլն է։

Grand Chess Tour-ի եզրափակիչը կմեկնարկի դեկտեմբերի 2-ին Լոնդոնում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում