12:23  ,  24 նոյեմբերի, 2019

ՀՁՖ գլխավոր քարտուղար․ Հովհաննես Դավթյանը կգլխավորի հավաքականը, Արմեն Նազարյանը բիզնես է ձեռնարկել

Հովհաննես Դավթյանը կգլխավորի ձյուդոյի Հայաստանի հավաքականը: Արմեն Նազարյանը գնաց բիզնեսի. նրան բարի ճանապարհ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, ազգային հավաքականի երկրորդ մարզիչ Թաթուլ Հովհաննիսյանը:

Օրերս տեղի է ունեցել ֆեդերացիայի հերթական ժողովը, որի օրակարգում եղել է նաեւ հավաքականի նոր գլխավոր մարզիչի նշանակումը: Նախկին մարզիչ, 2005 թվականի Եվրոպայի չեմպիոն Արմեն Նազարյանը հրաժարական է տվել: Նա հավաքականը գլխավորում էր 2015 թվականից, եւ նրա պաշտոնավարման ընթացքում Ֆերդինանդ Կարապետյանը 2018 թվականին Թել Ավիվում նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

Նախաօլիմպիական տարում ոչ Ֆերդինանդ Կարապետյանը եւ ոչ էլ հավաքականի մյուս անդամները որեւէ արդյունք չեն գրանցել միջազգային խոշոր մրցաշարերում:

Ըստ Թաթուլ Հովհաննիսյանի, Նազարյանի հրաժարականի պատճառը բիզնեսով զբաղվելու նպատակն է:  

«Արմեն Նազարյանն ինչ-որ բիզնես է ձեռնարկել եւ ցանկանում է զբաղվել դրանով: Մի քանի ամիս առաջ էր ասել, որ ուզում է հեռանալ հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից: Ֆեդերացիայի ժողով արեցինք, որի ընթացքում հավաքականի նոր մարզիչ ընտրվեց Հովհաննես Դավթյանը: Ես մնացի հավաքականի երկրորդ մարզիչի կարգավիճակում:

Այժմ ֆեդերացիան փոխել է իր քաղաքականությունը․ Հովհաննես Դավթյանն ու ես պետք է ղեկավարենք ոչ միայն մեծահասակների, այլ՝ բոլոր երեք հավաքականները: Եթե նույնիսկ Արմեն Նազարյանն էլ հրաժարական չտար, նրա հետ էլ էինք այսկերպ սկսելու աշխատել: Արմեն Նազարյանը գնաց բիզնեսի, նրան բարի ճանապարհ, գործերին հաջողություն:

Գոռ Հարությունյանը կաշխատի պատանիների, իսկ Դավիթ Խաչատրյանը՝ երիտասարդաների հետ: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչը պատասխանատու կլինի բոլոր երեք հավաքականների համար: Երիտասարդական եւ պատանեկան հավաքականները երկրորդ մարզիչ չեն ունենա: Այս մեխանիզմով աշխատում է ամբողջ աշխարհը:

Պրակտիկայում կա մի երեւույթ, որից հնարավոր չի լինում խուսափել: Օրինակ՝ պատանեկան հավաքականի անդամը, որն արդեն պետք է տեղափոխվի երիտասարդական, վերջին տարում թիմի մարզիչը նրա վրա գումար չի վատնում, հավաքների չի տանում: Հավաքականի մարզիչը մտածում է, որ դա իր երեխան չէ, համալրելու է երիտասարդների հավաքականը: Սա բնական գործընթաց է: Նույնկերպ վարվում է նաեւ երիտասարդականի մարզիչը՝ ազգային հավաքականը համալրել պատրաստվող ձյուդոիստի հետ: Եթե այս իրավիճակի գլխին կանգնի հավաքականի գլխավոր մարզիչն ու նրա օգնականը, ամեն ինչ այլ կլինի: Այսուհետ երիտասարդներն ու պատանիները իրենց վերջին տարին տվյալ հավաքականում հնարավորություն կունենան նոր թիմի հետ հավաքների ու մրցումների մասնակցել, մինչեւ պաշտոնապես տվյալ թիմը համալրելը:

Թե ինչու Արմեն Նազարյանը չցանկացավ շարունակել գլխավորել ազգային թիմը, չեմ կարող ասել, նրա ցանկությունն էր: Որեւէ մեկին չենք կարող պարտադրել:

Հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը նշանակովի է, բայց նախապես հայտարարել էինք, որ եթե մարդիկ կան, որ ցանկանում են իրենց թեկնածությունը առաջադրել, կարող են: Բայց ժողովի ժամանակ ֆեդերացիայի գործադիր մարմինը եւ բոլոր անդամները միաձայն կողմ եղան Հովհաննես Դավթյանի թեկնածությանը, համարելով, որ այս պահին լավագույն թեկնածուն նա է»,- ասաց Թաթուլ Հովհաննիսյանը:

Հովհաննես Դավթյան ծնվել է 1983 թվականի նոյեմբերի 25-ին, Գյումրիում։ Ամուսնացած է, ունի երկու երեխա։ Հայաստանի հավաքականի կազմում հանդես է եկել  60 կգ քաշային կարգում։

Եվրոպայի առաջնության կրկնակի փոխչեմպիոն է (2007, 2012), աշխարհի սուպերգավաթակիր, աշխարհի գավաթակիր, «Մեծ սաղավարտի» մրցումների հաղթող եւ մրցանակակիր, Գրան Պրի մրցաշարերի հաղթող եւ մրցանակակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (2009),  Պեկին-2008, Լոնդոնի-2012 եւ Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի մասնակից:

Ռիո-2016 Օլիմպիական խաղերից հետո ավարտել է մարզիկի կարիերան եւ զբաղեցրել է ձյուդոյի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչի պաշտոնը:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարում Հովհաննես Դավթյանն է

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում