16:03  ,  23 նոյեմբերի, 2019

Tata Steel Chess India. Լևոն Արոնյանի առաջին հաղթանակը

Հնդկաստանի Կալկաթա քաղաքում անցկացվող արագ եւ կայծակնային խաղի Tata Steel Chess India Rapid & Blitz մրցաշարում ընթանում է երկրորդ մրցումային օրը:

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը արագ խաղի չորրորդ տուրում սևերով մրցեց հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ և 50-րդ քայլում ընդունեց պարտությունը:

5-րդ տուրում Արոնյանը սպիտակներով մրցեց հնդիկ Պենտալա Հարիկրիշնայի հետ և 74-րդ քայլում հաղթանակ տարավ:

6-րդ տուրում Արոնյանն ուժերը չափեց չինացի Դին Լիրենի հետ: 21-րդ քայլում գրոսմայստերները համաձայնվեցին ոչ ոքի արդյունքին:

Արոնյանը 12 հնարավորից վաստակել է 5 միավոր (հաղթանակի համար տրվում է 2, ոչ ոքիի համար՝ 1 միավոր) եւ հետնապահների թվում է։ Առաջատարը նորվեգացի Մագնուս Կարլսենն է՝ 9 միավորով։

Tata Steel Chess India-ն Grand Chess Tour-ի նախավերջին փուլն է։

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանի հաղթանակով ավարտվեց Grand Chess Tour-ի Superbet Rapid & Blitz մրցաշարը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում։

Grand Chess Tour-ի եզրափակիչը կմեկնարկի դեկտեմբերի 2-ին Լոնդոնում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում