13:14  ,  22 նոյեմբերի, 2019

Tata Steel Chess India. Լեւոն Արոնյանը մեկնարկեց ոչ ոքի արդյունքով (LIVE)

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը ոչ ոքի արդյունքով մեկնարկեց Հնդկաստանի Կալկաթա քաղաքում անցկացվող արագ եւ կայծակնային խաղի Tata Steel Chess India Rapid & Blitz մրցաշարում, որը Grand Chess Tour-ի նախավերջին փուլն է։

Արագ խաղի մրցաշարում Արոնյանի առաջին մրցակիցն էր ամերիկացի Հիկարու Նակամուրան։ Հայ գրոսմայստերը խաղաց սպիտակ ֆիգուրներով 32-րդ քայլում համաձայնեց ոչ ոքիի։

Երկրորդ տուրում Արոնյանը սեւերով կխաղա հոլանդացի Անիշ Գիրիի հետ։ Առաջին օրը կանցկացվի երեք տուր։ Արոնյանի երրորդ մրցակիցը կլինի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը։

10 մասնակիցների թվում են նաեւ աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը, չինացի Դին Լիրենը, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին, ամերիկացի Ուեսլի Սոն, հնդիկներ Պենտալա Հարիկրիշնան եւ Վիդիտ Գուջրատին։

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանի հաղթանակով ավարտվեց Grand Chess Tour-ի Superbet Rapid & Blitz մրցաշարը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում։

Grand Chess Tour-ի ընդհանուր հաշվարկում Լեւոն Արոնյանը կիսում է չորրորդ տեղը ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ։

Grand Chess Tour-ի եզրափակիչը կմեկնարկի դեկտեմբերի 2-ին Լոնդոնում։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում