19:33  ,  21 նոյեմբերի, 2019

ՀՖՖ-ն դատապարտում է վարչապետի խորհրդականի հայտարարությունը

ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական  Մեսրոպ Առաքելյանն անհեթեթ եւ անթույլատրելի հայտարարություն է արել Հենրիխ Մխիթարյանի մասին: Ֆեդերացիան չի կիսում նրա կարծիքը: ՀՖՖ նախագահի պաշտոնից հրաժարական տալուց հետո, լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Վանեցյանը:

Նոյեմբերի 21-ին ՀՖՖ արտահերթ նիստից հետո Արթուր Վանեցյանը մի քանի ժամ դրսում սպասող լրագրողներին նախ հայտարարեց իր եւ գործկոմի հրաժարականի մասին, ապա հեռանալիս հետ դարձավ եւ խոսեց Հենրիխ Մխիթարյանի՝ ավագի թեւկապից զրկելու Մեսրոպ Առաքելյանի առաջարկի մասին:

«Այսօր ֆեդերացիայի անկախ կոմիտեների նախգահներից մեկը՝ Մեսրոպ Առաքելյանն արել է մի անհեթեթ ու անթույլատրելի հայտարարություն՝ ասելով, Հեներիխ Մխիթարյանի թեւից պետք է հանենք ավագի թեւկապը: Ուզում եմ հայտարարել, որ դա բացառապես այդ անձի անձնական կարծիքն է: Ֆեդերացիան չի կիսում, ավելին՝ դատապարտում է նման հայտարարությունը: Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, ես կասեի միակը: Նա Հայաստանի դեսպանն է ամբողջ աշխարհում: Ազգային հավաքականում իր նվիրված խաղով նա ապացուցել է, որ արժանի կրում է թիմի ավագի դերը եւ կրելու այդ թեւկապը»,- ասաց Արթուր Վանեցյանը:

ՀՖՖ գործկոմի անդամ, ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանն էլ գործկոմի անունից հավելեց, որ Մեսրոպ Առաքելյանի հայտարարությունը նրա անձնական կարծիքն է:

«Ֆեդերացիան չի կիսում այդ կարծիքը եւ չի կարող կիսել: Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի լավագույն ֆուտբոլիստն է: Բոլորս խոնարհվում ենք նրա առաջ»,- նշեց Արեն Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան գրառումով մի քանի առաջարկ էր արել «Ֆուտբոլային երկիր դառնալու համար»։ Դրանցից մեկն էլ «ազգային հավաքականի մթնոլորտի կտրուկ փոփոխություն՝ ընդհուպ ավագի փոփոխություն, ով այսօր մեղմ ասած թքած ունի հավաքականի վրա» կետն էր։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով