11:44  ,  21 նոյեմբերի, 2019

Արմեն Մելիքբեկյան․ Հենրիխ Մխիթարյանին ավագի թևկապից զրկելու կարծիքն անընդունելի է

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը NEWS.am Sport-ի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի կարծիքը, թե «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պետք է զրկվի Հայաստանի ազգային հավաքականի ավագի կարգավիճակից։

«ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ Մեսրոպ Առաքելյանի՝ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին թևկապից զրկելու մասին կարծիքն անընդունելի է։

Այդ առաջարկը մասնավոր կարծիք է և չի արտացոլում ՀՖՖ-ի, մասնավորապես, իմ՝ ՀՖՖ գլխավոր քարտուղարի դիրքորոշումը։

Հենրիխ Մխիթարյանը հանդիսանում է Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ֆուտբոլիստը, նա մշտապես աչքի է ընկել առաջատարի որակներով, և ոչ մի պարագայում չի կարող թքած ունենալ ազգային հավաքականի վրա։

Մեր թիմի վերջին խաղերին նրա չմասնակցելը պայմանավորված է միմիայն վնասվածքով, և այս փաստը որևէ կերպ չի կարող շահարկման առարկա դառնալ։ Բացի դա, Հայաստանի հավաքականի ավագի հարցը որոշվում է կամ մարզչի կողմից, կամ թիմի ներսում, և դա չի կարող որևէ արտաքին միջամտության առարկա դառնալ։

Վստահ եմ, որ Հենրիխ Մխիթարյանը դեռ երկար ժամանակ կրելու է Հայաստանի ազգային հավաքականի ավագի թևկապը և իր խաղով ուրախացնելու է հավաքականի երկրպագուներին»,- նշվում է Արմեն Մելիքբեկյանի գրավոր պատասխանում։

Հիշեցնենք, որ Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան գրառումով մի քանի առաջարկ էր արել «Ֆուտբոլային երկիր դառնալու համար»։ Դրանցից մեկն էլ «ազգային հավաքականի մթնոլորտի կտրուկ փոփոխություն՝ ընդհուպ ավագի փոփոխություն, ով այսօր մեղմ ասած թքած ունի հավաքականի վրա» կետն էր։

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով