17:03  ,  18 նոյեմբերի, 2019

Եվրո-2020․ Իտալիա - Հայաստան․ Խաղից առաջ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի վերջին տուրում նոյեմբերի 18-ին արտագնա հանդիպում կանցկացնի Իտալիայի ազգային հավաքականի հետ: Հանդիպումը տեղի կունենա Պալերմո քաղաքի «Ռենցո Բարբերա» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին:

Պատմություն

Հայաստանի եւ Իտալիայի հավաքականները կհանդիպեն չորրորդ անգամ: Առաջին երկու հանդիպումները տեղի են ունեցել 2014թ․ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում։ 2012թ․ հոկտեմբերին Հայաստանի թիմը տանը իտալացիներին պարտվեց 1։3 հաշվով, իսկ 2013թ․ հոկտեմբերին Նեապոլում խաղաց ոչ ոքի՝ 2։2։

Իտալիակի հետ առաջին հանդիպումը Եվրո-2020-ի ընտրական փուլում

Եվրո-2020-ի ընտրական փուլում երկու երկրների հավաքականները հանդիպեցին J խմբի 5-րդ տուրում սեպտեմբերի 5-ին, Երեւանի «Հանրապետական» ստադիոնում: Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը այդ ժամանակ արդեն խմբի առաջատարին պարտվեց 1:3 հաշվով:

Հայաստանի հավաքականի վերջնական «դիրքը»

Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 9-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը զրկվել է Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի հնարավորությունից: Խմբից եզրափակիչ են դուրս եկել Իտալիան (27 միավոր) եւ Ֆինլանդիան (18 միավոր): Հայաստանը 10 միավորով չորրորդ տեղում:

Կորուստներ

Նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի ղեկավարությամբ մրցավայր է մեկնել 22 ֆուտբոլիստով:

Ազգային թիմի հետ Իտալիա չի մեկնել Ռումյան Հովսեփյանը, որը նոյեմբերի 15-ին տեղի ունեցած Հայաստան - Հունաստան (0։1) խաղում ստանալով այս որակավորման փուլում իր երրորդ զգուշացումը, որակազրկված է եւ չի կարող մասնակցել հանդիպմանը։

Վնասվածքների պատճառով հավաքականին այս անգամ էլ չեն միացել Հենրիխ Մխիթարյանը, Սարգիս Ադամյանը եւ Կառլեն Մկրտչյանը։

 Հունաստանի հավաքականի հետ հանդիպման հավաքի ընթացքում վնասվածք ստացած Գեւորգ Ղազարյանը բաց կթողնի նաեւ Իտալիայի հետ խաղը:

Հայաստանի հավաքականի նորանշանակ մարզիչ Արբահամ Խաշմանյանը Պալերմոյում կայացած նախախաղային ասուլիսում նշել է, որ ազգային հավաքականը խաղալու է պատվախնդրության մոտիվացիայով:

«Համաձայն չեմ, որ Իտալիայի հավաքականը մոտիվացիա չունի։ Բոլոր խաղերում հաղթանակ տանող հավաքականը չի կարող մոտիվացիա չունենալ։

Մեր առաջին մոտիվացիան պատվախնդրության հարցն է, պետք է դուրս գանք խաղադաշտ առավելագույնը անելու համար։

Այսօր չի կարելի է Հայաստանի հավաքականը համեմատել Իտալիայի հավաքականի հետ։ Ունենք մեր թիմի համար բազմաթիվ կարեւոր խաղացողների կորուստ։

Ռիսկի դիմելու համար մենք պետք է ունենանք որոշակի հարձակողական ներուժ։ Ես ինքս արկածախնդրության կողմնակից չեմ եւ չենք գնա դրան։ Կփորձենք խաղալ կազմակերպված ֆուտբոլ եւ հնարավորության դեպքում, արագ հակագրոհել»,- ասել է Աբրահամ Խաշմանյանը:

Մրցավարական կազմը

Իտալիա - Հայաստան հանդիպումը կսպասարկի պորտուգալական մրցավարական բրիգադը։

Գլխավոր մրցավարն է Տիագու Մարտինշը, նրան կօգնեն Լուիս Կամպոսն ու Պեդրո Ալմեյդան։

Չորրորդ պաշտոնյան կլինի Անտոնիո Էմանուել Կարվալյու Նոբրեն

Բուքմեյքերների կարծիքը

Բուքմեյքերները  բացահայտ առավելություն են տալիս իտալացիներին: Ռոբերտո Մանչինիի գլխավորած թիմի հաղթանակը ստացել է 1.10 գործակիցը: Ոչ ոքին ստացել է 9.00, իսկ Հայաստանի հավաքականի հաղթանակը՝ 23.00 գործակիցը:

Հայաստանի հավաքականի հայտացուցակը

Դարպասապահներ

Արամ Հայրապետյան, «Ուրարտու»           

Գևորգ Կասպարով, «Գանձասար-Կապան»

Արսեն Բեգլարյան, «Դնեպր» (Բելառուս)

Պաշտպաններ

Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ»      

Հայկ Իշխանյան, «Ալաշկերտ»

Արման Հովհաննիսյան, «Գանձասար-Կապան»

Արմեն Մանուչարյան, «Փյունիկ»

Արթուր Դանիելյան, «Արարատ-Արմենիա»

Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)

Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս)

Կամո Հովհաննիսյան

Անդրե Կալիսիր, «Գյոտեբորգ» (Շվեդիա)

Կիսապաշտպաններ                            

Պետրոս Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»

Արտյոմ Սիմոնյան, «Փյունիկ»

Արտակ Եդիգարյան, «Փյունիկ»

Էրիկ Վարդանյան, «Փյունիկ»

Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»

Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա)

Հարձակվողներ

Գեղամ Հարությունյան, «Գանձասար-Կապան»

Տիգրան Բարսեղյան, «Կայսար» (Ղազախստան)

Արթուր Սարկիսով, «Ենիսեյ» (Ռուսաստան)

Ալեքսանդր Կարապետյան, «Սոչի» (Ռուսաստան)

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով