23:41  ,  15 նոյեմբերի, 2019

Աբրահամ Խաշմանյան. Այսօրվա մեր կազմն արեց առավելագույնը, ինչ կարող էր

Որակական առումով մրցակցին զիջեցինք: Հույներն առավելություն ունեին: Օբյեկտիվ էր նրանց հաղթանակը: Այս մասին Հայաստան-Հունաստան խաղից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը:

«Նվիրվածության առումով տղաներն արեցին այն, ինչ-որ կարող էին: Մաքսիմում նվիրվեցին, բայց որակական առումով զիջեցինք այսօր մրցակցին: Ես նշել էի, որ ուսումնասիրել էինք Հունսատանի հավաքականին եւ այսօր համոզվեցինք, որ շատ կազմակերպված մրցակից ունեինք: Օբյեկիվորեն ասենք, որ մրցակիցն առավելություն ուներ: Օբյեկտիվ էր նրանց հաղթանակը:

Պաշտպանողական տակտիկա էինք ընտրել, որն արեցինք առաջին խաղակեսում: Երկրորդ խաղակեսում կարող էինք ավելի բաց ֆուտբոլ խաղալ, բայց փորձել էին բալանսավորված խաղալ:

Մրցակիցը մեզ համար ստեղծեց բավականին շատ գոլային պահեր: Բոլորը 100 տոկոսանոց նվիրվածություն ցուցաբերեցին: Նշեցի, որ զիջեցինք որակական առումով, դա զգացվեց բացակա ֆուտբոլիստների առումով: Այսօր խաղացինք այն ֆուտբոլը, ինչ թույլ տվեց մեր ունեցած կազմը: Եթե պարտվել ենք, ուրեմն արդարացում չկա: Փորձում ենք ամեն ինչ ռեալ տեսնել եւ գնահատել: Դրա համար արդարանալու խնդիր չեմ տեսնում: Մենք բոլորս էլ գիտենք, այսօր ինչ ունեինք մեր ձեռքի տակ՝ Պետրոս Ավետիսյանը, Էրիկ Վարդանյանը: Նրանց դեռ ժամանակ է պետք էֆեկտիվ խաղ ցույց տալու համար: Որակի խդիր կա:

Այսօր մենք շատ դժվար էինք դուրս գալիս պաշտպանական գծից առաջին հարձակման գիծ: Սա որակի պակասն էր: Այսօրվա մեր կազմն արեց առավելագույնը, ինչ կարող էր: Որեւէ մեկից չեմ կարող դժգոհ լինել: Ազգային հավաքականն ուժեղացնելու համար պետք է ամբողջ աշխարհով գործընթաց սկսենք եւ փնտրենք հայազգի ֆուտբոլիստներ: Տակը ոչինչ չունենք: Ունենք երկու, ավելի ճիշտ մեկ երիտասարդ խաղացող՝ Էրիկ Վարդանյանն է: Պետրոս Ավետիսյանին երիտասարդ չեմ համարում: Մենք մեկ բան կարող ենք անել, որ ունենանք ամուր հավաքական: Ես երբեք չեմ ասի, որ կունենանք հզոր հավաքական վաղը եւ կհասնենք բարձր տեղեր: Ես կարող եմ ասել, որ կունենանք ուժեղ հավաքական, որ դուրս կգա մարզադաշտ եւ լավ խաղ կցուցադրի լավ արդյունքով»,- ասաց Աբրահամ Խաշմանյանը:

Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմը նվազագույն հաշվով պարտվեց Հունաստանի հավաքականին: Հանդիպման 35-րդ րոպեին Հունաստանի հավաքականի հարձակվող Դիմիտրիս Լիմինիոսը բացեց խաղի հաշիվը: Հայաստանի հավաքականն առաջին խաղակեսում մրցակցի դարպասին հարված չի կատարել: Հայաստանի հավաքականը հանդիպման ընթացքում 4 հարված է կատարել, որից 2-ը՝ մրցակցի դարպասին: Գնդակին տիրելու տոկոսային հարաբերակցությունը կազմել է 38:62 ՝ հօգուտ Հունաստանի:

Զուգահեռ ընթացած J խմբի մյուս խաղում Ֆինլանդիայի հավաքականը 3։0 հաշվով հաղթանակ տարավ Լիխտեյնշտեյնի նկատմամբ և Իտալիայից հետո նվաճեց եզրափակիչ փուլի երկրորդ ուղեգիրն այս խմբից:

Եվրո-2020, ընտրական մրցաշար, J խումբ, 9-րդ տուր

Հայաստան - Հունաստան՝ 0։1

Դիմիտրիս Լիմինիոս, 35

Ֆինլանդիա - Լիխտեյնշտեյն՝ 3:0

Ժասե Տուոմինեն, 21, Տեմու Պուկի, 64, 75

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում