15:54  ,  15 նոյեմբերի, 2019

Եվրո-2020. Հայաստան - Հունաստան. Խաղից առաջ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի նախավերջին տուրում նոյեմբերի 15-ին վերջին տնային հանդիպումը կանցկացնի Հունաստանի ազգային հավաքականի հետ: Հանդիպումը տեղի կունենա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 21:00-ին:

Պատմություն

Սա Հայաստանի եւ Հունաստանի հավաքականների 6-րդ դիմակայությունն է: Թիմերն առաջին անգամ հանդիպել են 2004 թվականի Եվրոպայի առաջնությանը որակավորման փուլում: Առաջին խաղը տեղի է ունեցել 2002 թվականի նոյեմբերի 16-ին Աթենքում, որտեղ հույները տնային հաղթանակ էին տարել 2:0 հաշվով: 2003 թվականի հոկտեմբերի 6-ին Հայաստանի հավաքականը Երեւանում պարտվել է 0:1 հաշվով:

Հայաստանի եւ Հունաստանի հավաքականները հանդիպել նաեւ ընկերական խաղերում՝ 2008 եւ 2012 թվականներին Հունաստանում: 2008թ․ հունիսի 1-ին տեղի ունեցած ընկերական խաղում հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 0։0, իսկ 2012թ․ մայիսի 31-ին հույները հաղթել են 1:0 հաշվով:

Հունաստանի հետ առաջին հանդիպումը Եվրո-2020-ի ընտրական փուլում

Եվրո-2020 ընտրական փուլում երկու երկրների հավաքականները հանդիպեցին J խմբի 4-րդ տուրում, հունիսի 11-ին Աթենքի «Օլիմպիական» ստադիոնում: Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմն առավելության հասավ 3:2 հաշվով:

Հայաստանի հավաքականի «դիրքը»

Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 8-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը 10 միավոր ունի եւ ընթանում է երրորդ տեղում՝ զիջելով Իտալիային եւ Ֆինլանդիային:

24 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է Իտալիայի հավաքականը, որն արդեն երկու տուր առաջ ապահովել է երզափակիչ փուլի ուղեգիր: 15 միավորով երկրորդ տեղում է Ֆինլանդիայի հավաքականը, որը մնացած երկու խաղից մեկ հաղթանակ տանելու դեպքում նույնպես ապահովում է եզրափակիչ փուլի ուղեգիր եւ անհասանելի է դառնում հետապնդող Հայաստանի եւ Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականների համար: Հայաստանին հավասար 10 միավոր ունի նաեւ չորրորդ տեղում ընթացող Բոսնիա-Հերցեգովինան:

Հայաստանի հավաքականի նորանշանակ մարզիչ Աբրահամ Խաշմանյանի նորամուտը

Եվրո-2020 ընտրական փուլի նախորդ երկու տուրերում Հայաստանի հավաքականը ձախողեց արտագնա հանդիպումները Լիխտենշտեյնի (1:1) եւ Ֆինլանդիայի (0:3)  հետ՝ գործնականում զրկվելով երզափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճելու հնարավորությունից: Հոկտեմբերի 18-ին ՀՖՖ-ն հաստատեց Արմեն Գյուլբուդաղյանցի հրաժարականը:

Նոյեմբերի 7-ին ՀՖՖ գործադիր կոմիտեի նիստում ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվեց «Ալաշկերտ»  ակումբի նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը:

Փոփոխություններ մարզչական շտաբում

Եվրո-2020-ի ընտրական փուլի նախավերջին ու վերջին տուրերին ազգային հավաքականը մոտենում է ոչ միայն նոր գլխավոր մարզիչով, այլեւ ամբողջությամբ փոփոխված մարզչական շտաբով: Աբրահամ Խաշմանյանը մարզչական շտաբում ընդգրկել է Արա Նիգոյանին, Աշոտ Գրիգորյանին եւ Երվանդ Սուքիասյանին: Դարպասապահների մարզիչը կրկին Ռոման Բերեզովսկին է, ֆիզպատրաստության մարզիչը՝ Արմեն Տոնոյանը, իսկ տեսավերլուծաբանը՝ Ղազար Հակոբջանյանը:

Ազգային հավաքականի նոր կազմն ու կորուստները.

Գլխավոր մարզիչը հավաքական հրավիրեց 24 ֆուտբոլիստի.

Դարպասապահներ՝  Արամ Հայրապետյան («Ուրարտու»), Գեւորգ Կասպարով («Գանձասար-Կապան»), Արսեն Բեգլարյան («Դնեպր», Բելառուս)։

Պաշտպաններ՝  Տարոն Ոսկանյան («Ալաշկերտ»), Հայկ Իշխանյան («Ալաշկերտ»), Արման Հովհաննիսյան («Գանձասար-Կապան»), Արմեն Մանուչարյան («Փյունիկ»), Արթուր Դանիելյան («Արարատ-Արմենիա»), Վարազդատ Հարոյան («Ուրալ», Ռուսաստան), Հովհաննես Համբարձումյան («Էնոսիս Պարալիմնի», Կիպրոս), Կամո Հովհաննիսյան, Անդրե Կալիսիր («Գյոտեբորգ», Շվեդիա)։

Կիսապաշտպաններ՝ Պետրոս Ավետիսյան («Արարատ-Արմենիա»), Արտյոմ Սիմոնյան («Փյունիկ»), Արտակ Եդիգարյան («Փյունիկ»), Էրիկ Վարդանյան («Փյունիկ»), Արտակ Գրիգորյան («Ալաշկերտ»), Ռումյան Հովսեփյան («Արդա», Բուլղարիա), Գեւորգ Ղազարյան (ԱԵԼ, Կիպրոս), Էդգար Բաբայան («Հոբրո», Դանիա)

Հարձակվողներ՝ Գեղամ Հարությունյան («Գանձասար-Կապան»), Տիգրան Բարսեղյան («Կայսար», Ղազախստան), Արթուր Սարկիսով («Ենիսեյ», Ռուսաստան), Ալեքսանդր Կարապետյան («Սոչի», Ռուսաստան)։

Վնասվածքների պատճառով հավաքականին չեն միացել Հենրիխ Մխիթարյանը, Սարգիս Ադամյանը եւ Կառլեն Մկրտչյանը։ Հունաստանի հավաքականի հետ հանդիպումը որակազրկման պատճառով բաց կթողնի Վարազդատ Հարոյանը։  Վերջին հավաքի ընթացքում վնասվածք ստացած Գեւոր Ղազարյանը նույնպես բաց կթողնի Հունաստանի հետ խաղը: Մարկոս Պիզելին հայտարարել է հավաքականում կարիերան ավարտելու մասին։

Կրկին ազգային թիմ են հրավիրվել Գեւորգ Կասպարովը, Արթուր Սարկիսովը, Արտյոմ Սիմոնյանը, Արմեն Մանուչարյանը եւ Գեղամ Հարությունյանը։ Առաջին անգամ երկրի գլխավոր թիմից հրավեր է ստացել «Արարատ-Արմենիայի» պաշտպան Արթուր Դանիելյանը: 

Հայաստանի հավաքականի նորանշանակ մարզիչ Արբահամ Խաշմանյանը նախախաղային ասուլիսում նշել է, որ Հայաստանը երանելի վիճակում չէ, բայց իր գլխավորած թիմն այսօր «Հանրապետականում» կփորձի անել առավելագույնը:

«Այնքան էլ երանելի վիճակում չենք՝ հաշվի առնելով բազմաթիվ ֆուտբոլիստների կորուստը: Բայց չպետք է կենտրոնանք դրա վրա: Երեք օրվա մեջ փորձել ենք անել առավելագույնը: Կարող եմ ասել, որ հավաքականը պատրաստ է Հունաստանի հետ խաղին: Լավ ուսումնասիրել ենք Հունաստանի հավաքականին: Ամբողջովին փոխվել է հույների կազմը: Այսօրվա մրցակիցը շատ կազմակերպված եւ արդյունավետ ֆուտբոլ է խաղում: Պետք է ճիշտ ընկալենք մեր հնարավորությունները: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի քաղենք առավելագույնը: 

Ունենք 7 կորուստ: Բոլորն էլ արժեքավոր ֆուտբոլիստներ են: Ամենամեծ կորուստը Հենրիխ Մխիթարյանն է, ով եվրոպական թոփ մակարդակի խաղացող է: Երկրորդ ամենամեծ կորուստը Վարազդատ Հարոյանն է: Եթե ունենայինք Հարոյանի պես երկու կենտրոնական պաշտպան, կարող էինք գործել չորս պաշտպանով»,- ասել է Աբրահամ Խաշմանյանը:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն արդեն 3-րդ խաղն է բաց թողնում Եվրո-2020 ընտրական փուլում: Մխիթարյանի բացակայության պայմաններում, Աբրահամ Խաշմանյանի որոշմամբ, ավագի թեւկապը կրելու է Հովհաննես Համբարձումյանը:

Մրցավարական կազմը

Հայաստան - Հունաստան հանդիպումը կսպասակի լեհ մրցավարների բրիգադը Պավել Ռաչկովսկու գլխավորությամբ։

Նրան կօգնեն Միխալ Օբուկովիչն ու Ռադոսլավ Սիյեկան։ Հանդիպման չորրորդ մրցավարն է Դանիել Ստեֆանսկին, մրցավարների տեսուչը՝ Լադիսլավ Գադոշին (Սլովակիա):

Բուքմեյքերների կարծիքը

Բուքմեյքերներն առավելությունը տալիս են հյուրերին: Հունաստանի հավաքականի հաղթանակը ստացել է 2.20, ոչ ոքին՝ 3.50, Հայաստանի հավաքականի հաղթանակը՝ 3.70 գործակիցը:

Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը

Դարպասապահ Արսեն Բեգլարյան («Դնեպր», Բելառուս)

Պաշտպաններ․ Հովհաննես Համբարձումյան («Էնոսիս Պարալիմնի», Կիպրոս), Տարոն Ոսկանյան («Ալաշկերտ»), Հայկ Իշխանյան («Ալաշկերտ»), Անդրե Կալիսիր («Գյոտեբորգ», Շվեդիա), Կամո Հովհաննիսյան:

Կիսապաշտպաններ․ Արտակ Գրիգորյան («Ալաշկերտ») , Ռումյան Հովսեփյան («Արդա», Բուլղարիա), Էդգար Բաբայան («Հոբրո», Դանիա)։

Հարձակվողներ․ Տիգրան Բարսեղյան («Կայսար», Ղազախստան), Ալեքսանդր Կարապետյան  («Սոչի», Ռուսաստան): 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով