18:41  ,  14 նոյեմբերի, 2019

Հայաստանի Մ-21 թիմի մարզիչ․ Շտապողականությունը, ոչ ճիշտ գործողությունները խանգարեցին մեզ

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ, իսպանացի Անտոնիո Ֆլորեսը հեխաղյա ասուլիսում մեկնաբանեց Եվրո-2021 որակավորման փուլի 1-ին խմբի 5-րդ տուրում Իռլանդիայից կրած պարտությունը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Հիշեցնենք, որ Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում նոյեմբերի 14-ին 2021թ․ Եվրոպայի Մ-21 առաջնության որակավորման խմբային փուլի 5-րդ տուրում նվազագույն հաշվով պարտվեց Իռլանդիայի Մ-21 հավաքականին՝ 0:1։

«Վսահ էի, որ ավելի լավ հաշիվ պետք է գրանցվեր, քանի որ մեզ հաղթանակ էր պետք: Գիտեինք, որ շատ բարդ հանդիպում է լինելու: Իռլանդիան շատ դինամիկ հավաքական է, բարձր խաղային ռիթմով, կոմպակտ թիմ է:

Գիտեինք այն խնդիրները, որոնք կարող էին ծագել հանդիպման ընթացքում: Այս խաղում մեր նպատակը ճիշտ դասավորվածությունն ու պաշտպանությունը պետք է լիներ: Խնդիր էր դրված, եթե գնդակը մեզ մոտ լիներ, կարողանայինք պահպանել այն՝ խաղալով այն ֆուտբոլը, որը կարողանում ենք:

Բայց այսօր շտապողականությունը, ոչ ճիշտ գործողությունները խանգարեցին մեզ, գնդակը շատ շուտ էինք կորցնում: Թիմը շատ մեծ ջանքեր գործադրեց խաղադաշտում՝ փորձելով գնդակը հետ վերդարձնել: Հանդիպման վերջին փուլում մեր թիմը շատ ճիշտ էր աշխատում գնդակի հետ: Թեեւ այսօրվա հանդիպումը չստացվեց այնպես, ինչպես ես ցանկանում էի, ինձ գոհացրեց այն ջանքերը, որ թիմը գործադրեց խաղադաշտում»,- ասաց Անտոնիո Ֆլորեսը:

Հիշեցնենք, որ Եվրո-2021-ի ընտրական փուլի նախորդ 4 խաղերում Անտոնիո Ֆլորեսի գլխավորած երիտասարդական հավաքականը պարտվել էր Իռլանդիային (0:1), Իսլանդիային (1:6) եւ Իտալիային (0:1), հաղթել Լյուքսեմբուրգին (2:0)։ Եվրո-2021 որակավորման խմբային փուլի 5 տուրերից հետո Հայաստանի երիտասարդական հավաքականը վաստակել է 3 միավոր եւ 5-րդն է: Աղյուսակը 13 միավորով գլխավորում է Իռլանդիայի հավաքականը: Նոյեմբերի 19-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը արտագնա խաղում կմրցի Իտալիայի հավաքականի հետ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում