15:22  ,  14 նոյեմբերի, 2019

«Աստանայի» եւ Ղազախստանի թիմի նախկին մարզիչ․ Իհարկե, կցանկանամ աշխատել Հայաստանում, եթե լինեն հետաքրքիր տարբերակներ

Իհարկե, կցանկանամ աշխատել Հայաստանում, եթե լինեն հետաքրքիր տարբերակներ, ասել է «Աստանայի» եւ Ղազախստանի հավաքականի նախկին մարզիչ Գրիգորի Բաբայանի NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում։

Գրիգորի Բաբայանը ճանաչվել է Ղազախստանի Պրեմյեր լիգայի անցած մրցաշրջանի լավագույն մարզիչ։

Անցած տարի «Աստանան» 39-ամյա մասնագետի ղեկավարությամբ դարձավ Ղազախստանի չեմպիոն, թիմը հաջող հանդես եկավ նաեւ Եվրոպայի լիգայի խմբային փուլում։

Այս օրերին Բաբայանը վերապատրաստվում է իսպանական «Սեւիլիայում»։

Պարոն Բաբայան, հուլիսին Դուք հեռացաք «Աստանայի» գլխավոր մարզիչի պաշտոնից։ Պատմեք Ձեր կարիերայի այդ փուլի մասին։

Երբ անցած մրցաշրջանի սկզբում Ստանիմիր Ստոյլովը գլխավորեց Ղազախստանի ազգային հավաքականը, «Աստանայի» ղեկավարությունն ինձ առաջարկեց զբաղեցնել ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնը։ Քանի որ ես ակումբի համակարգում արդեն 6 տարի աշխատում էի, դա ինձ համար նոր բան չէր։

Սկզբում ակումբի նախագահի հետ պայմանավորվածություն ունեի մինչեւ ամառ համագործակցության մասին։ Երբ Ռոման Գրիգորչուկն ընտանեկան հանգամանքների պատճառով հեռացավ ակումբից, ղեկավարությունն ինձ դարձյալ խնդրեց գլխավորել թիմը։

Այդ մրցաշրջանում իրար գումարվեցին շատ գործոններ՝ լիարժեք վստահություն եւ օգնություն ղեկավարության կողմից, օպտիմալ պայմաններ։ Այդ ամենի արդյունքում ստացվեց հաջող մրցաշրջան, թեեւ նաեւ բարդ մրցաշրջան էր։ Մենք հասանք բոլոր նպատակներին՝ հաղթանակ Ղազախստանի Սուպերգավաթում, Եվրոպայի լիգայի խմբային փուլի ուղեգիր եւ հաղթանակ Ղազախստանի առաջնությունում։

«Աստանայում» Դուք մի քանի տարի աշխատել եք փորձառու օտարերկրացի մասնագետների հետ։ Ի՞նչ տվեց Ձեզ տարբեր ֆուտբոլային մշակույթների ներկայացուցիչների հետ աշխատանքի փորձը։

Իսկապես, Ղազախստանի հավաքականում եւ «Աստանայում» ես հնարավորություն եմ ունեցել աշխատել մեծ թվով շատ ուժեղ մասնագետների հետ։ Ես ձգտում էի ամեն մեկից վերցնել լավագույնը։ Ուրախալի էր, որ ամեն մասնագետ աշխատանքի մեջ նոր եւ ուրույն ձեռագիր էր մտցնում։ Նրանցից յուրաքանչյուրին ես կարող եմ շնորհակալություն ասել համատեղ աշխատանքի համար։

Նոր ակումբի հետ կապված որոշում ունե՞ք, եւ հետաքրքի՞ր է Ձեզ մարզչական կարիերան Հայաստանում շարունակելու տարբերակը։

Հիմա վերապատրաստվում եմ Եվրոպաում, ձգտում եմ որսալ բոլոր ժամանակակից միտումները մեր աշխատանքում, ձգտում եմ չկորցնել ժամանակը, կատարելագործվել։ Մի քանի առաջարկներ ունեմ, բայց դեռ վաղ է այդ մասին խոսել։

Իհարկե, կցանկանամ աշխատել Հայաստանում, եթե լինեն հետաքրքիր տարբերակներ։

Հետեւո՞ւմ եք հայկական ֆուտբոլին եւ Հայաստանի հավաքականի մրցելույթներին։

Ձգտում եմ հետեւել շատ եվրոպական առաջնությունների, եւ Հայաստանը բացառություն չէ։ Իհարկե, դիտում եմ նաեւ Հայաստանի հավաքականի հանդիպումները։ Հիմա ազգային թիմում հավաքվել է ֆուտբոլիստների շատ տաղանդավոր սերունդ Հենրիխ Մխիթարյանի գլխավորությամբ։

Ուշադիր եմ նաեւ Ղազախստանի Պրեմյեր լիգայից Հայաստանի հավաքական հրավիրվող ֆուտբոլիստներին։ Շատ ուրախալի է, որ Տիգրան Բարսեղյանն ու Կամո Հովհաննիսյանն առաջատար դիրքեր ունեն իրենց ակումբներում եւ հավաքականում նույնպես առաջատար են դառնում։

Այս օրերին Դուք վերապատրաստման եք իսպանական «Սեւիլիայում»՝ մեծ ակումբ, շփում Լոպետեգիի հետ, անդալուսիական դերբի։ Ինչպիսի՞ն են տպավորությունները, եւ որքա՞ն է կարեւոր այդպիսի փորձը։

Իսկապես, հիմա Իսպանիայում եմ, վերապատրաստում եմ անցնում «Սեւիլիայում», որը մեծ ակումբ է, հինգ անգամ նվաճել է Եվրոպայի լիգայի գավաթը։ Ես զրուցել եմ եւ Խուլեն Լոպետեգիի, եւ ակումբի մարզական տնօրեն Ռամոն Մոնչիի հետ, որը աշխատանքի փորձ ունի Եվրոպայի մի շարք առաջատար ակումբներում։

Ինձ թույլ տվեցին հետեւել հիմնական կազմի մարզումային գործընթացին, ներկա եղա «Բետիսի» հետ դերբիին։ Շատ է հետաքրքիր եւ օգտակար ինֆորմացիան, որն ապագայում օգտակար կլինի ինձ։

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով