13:29  ,  12 նոյեմբերի, 2019

Ռահիմ Ստերլինգ․ Ջո Գոմեսի հետ ամեն ինչ քննարկել ենք, գնում ենք առաջ

«Մանչեսթեր Սիթիի» եւ Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը մեկնաբանել է «Լիվերպուլի» պաշտպան Ջո Գոմեսի հետ վիճաբանությունը «Լիվերպուլ» - «Մանչեսթեր Սիթի» (3։1) հանդիպման ժամանակ եւ Անգլիայի հավաքականում, որի պատճառով նա մեկ խաղով հեռացվել է ազգային թիմից։ Ռահիմ Ստերլինգը գրառում է արել Ինստագրամում։

«Բոլորը գիտեն՝ ինչքան կարեւոր է այս խաղն ինձ համար։ Բոլորը գիտեն, որ սովորաբար ես այսպիսի վարք չեմ ունենում։ Մենք ամեն ինչ քննարկել ենք Ջո Գոմեսի հետ եւ գնում ենք առաջ։ Ֆուտբոլում երբեմն հույզերը հասնում են սահմանագծին, եւ ես ունեմ խիզախություն խոստովանել, որ հույզերը գերիշխեցին։ Գոմեսի հետ հրաշալի հասկանում ենք, որ 5-10 վայրկյանի բռնկում էր։ Արդեն ամեն ինչ անցյալում է, մենք չենք զարգացնի այս պատմությունը։ Եկեք մտածենք առաջիկա հանդիպման մասին»,- գրել է Ռահիմ Ստերլինգը։

Ստերլինգը չի օգնի Անգլիայի հավաքականին Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի նախավերջին խաղում։ Նոյեմբերի 14-ին Անգլիայի հավաքականը կմրցի Չեռնոգորիայի թիմի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում