10:16  ,  10 նոյեմբերի, 2019

Արման Դարչինյան․ Վիկ Դարչինյանը գոհ էր իմ մենամարտից, նա պրոմոուտեր չէ, բայց միշտ կլինի իմ կողքին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթեւագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 75 կգ քաշային Արման Դարչինյանը ԱՄՆ-ում իր նորամուտը նշեց պրոֆեսիոնալ ռինգում: 25-ամյա բռնցքամարտիկը 4 ռաունդանոց մենամարտի երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկեց ամերիկացի Քենդել Մեյես-Թեյլորին եւ հաղթանակով մուտք գործեց պրոֆեսիոնալ բռնցքամարտ:

Արման Դարչինյանը Վիկ Դարչինյանի եղբորորդին է: Բայց ինչպես Արմանն է նշում, Վիկ Դարչինյանը դեռեւս որպես պրոմոուտեր հանդես չի գալիս, այլ միայն աջակցում է:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Արման Դարչինյանը պատմել է առաջին մենամարտի, պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվելու ծրագրերի, սիրողական բռնցամարտից չհեռանալու եւ Վիկ Դարչինյանի աջակցության մասին:

Արման, դեռ սեպտեմբերին դու մասնակցում էիր աշխարհի առաջնությանը եւ շատ մոտ էիր մեդալին. հասար մինչեւ քառորդ եզրափակիչ: Կարճ ժամանակ անց քեզ տեսնում ենք պրոֆեսիոնալ ռինգում: Ինչպե՞ս, ինչո՞ւ եւ ե՞րբ որոշեցիր ուժերդ փորձել պրոֆեսիոնալ ռինգում:

Նպատակ վաղուց ունեի պրոֆեսիոնալում հանդես գալ: Քանի որ այժմ թույլ են տալիս պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներին մասնակցել նաեւ Օլիմպիական խաղերին, որոշեցի ԱՄՆ-ում առաջին մենամարտ անցկացնելու հնարավորությունը ձեռքիցս բաց չթողնել: Սա նշանակում է, որ ես չեմ հեռանում սիրողական բռնցքամարտից եւ ազգային հավաքականից: Շարունակելու եմ հավաքականում հանդես գալ եւ փորձել վարկանիշային մրցաշարերում օլիմպիական ուղեգիր նվաճել: Նպատակս Օլիմպիական խաղերին մասնակցել է եւ սիրողական բռնցքամարտում կարիերաս դեռ շարունակելու եմ:

Շատ բռնցքամարտիկների համար ԱՄՆ-ում մենամարտ ունենալը երբեմն երազանք էլ մնում է: Ինչպե՞ս քեզ հաջողվեց հենց առաջին մենամարտդ անցկացնել ԱՄՆ-ում:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կենտրոնը կարելի է ասել Ամերիկան է: Ճիշտ նկատեցիք, որ այստեղ մենամարտ ունենալը շատ դժվար է: Հենց սկզբից, երբ խոսք էր գնում իմ՝ պրոֆեսիոնալ ռինգում հանդես գալու ծրագրերի մասին, ասում էի, որ առաջին մենամարտս կուզեի ԱՄՆ-ում անել: Ուզում էի Ամերիկայից սկսել: Հորեղբորս՝ Վիկ Դարչինյանի աջակցությամբ հնարավորություն ստեղծվեց առաջին մենամարտը դնել այստեղ: Աշխարհի առաջնությունից հետո եկա ԱՄՆ, սկսեցի աշխատել մարզիչ Ֆրեդի Ռոուչի մոտ:

Մենամարտ նշանակվեց «360 Promotions»-ի կողմից կազմակերպված երեկոյին: Ինձ 4 ռաունդանոց մենամարտ տվեցին: Մրցակիցս սկզբից ուրիշն էր: Նա հրաժարվեց ու մրցեցի ամերիկացու հետ: Ի դեպ՝ մրցակիցս էլ էր իր նորամուտը նշում: Շատ կարճ ժամանակում եմ պատրաստվել: Ֆիզպատրաստության փուլը Վանաձորում անցա իմ անձնական մարզիչ Բագրատ Ավոյանի հետ, իսկ այստեղ սփարինգային փուլ ունեցա 20 օր Ֆրեդի Ռոուչի հետ:

Ի՞նչ տպավորություններ ունես ամերիկյան «դպրոցից»:

Այստեղ ամեն ինչ ուրիշ է: Պրոֆեսիոնալ բռնցքամարտը այլ մակարդակի վրա է: Առհասարակ ամեն ինչն է ուրիշ՝ մարզվելու պայմանները, մարզումների տակտիկան, կազմակերպված շոուներն ուղղակի աննկարագրելի են: Ես եղել էի պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի Ռուսաստանում, բայց համեմատության եզրեր չկան:

Իսկ ինչպե՞ս էիր քեզ զգում պորֆեսիոնալ ռինգում. առաջին անգամ ու միանգամից ԱՄՆ-ում:

Ինձ լավ էի զգում: Չէի կենտրոնացել այն մտքի վրա, որ առաջին անգամ եմ մենամարտում պորֆեսիոնալում: Ինքս բնավորությամբ կռվող եմ: Մտել էի ռինգ կռվելու: Զգում էի միայն, որ մեծ թվով հանդիսատես է ինձ հետեւում եւ իրենց համար դա շոու է: Բայց ինձ այդ միտքը չէր լարում, քանի որ անկախ քեզանից ռինգում սկսում ես շոու անել քո կռվով, հաղթանակով կամ պարտությամբ: Պրոֆեսիոնալում կաշվե ձենռոցները սիրողականից փոքր են եւ ավելի հարմար. Հեշտ է ստացվում հարվածելը, շուտ է ստացվում մրցակցին նոկաուտի կամ նոկդաունի ենթարկելը: Հարվածում ես, կամ ստանում, արյուն է հոսում եւ այդ ամենն արդեն վերածվում է շոուի: Հանդիսատեսը տեսնում է ու սկսվում է «action»-ը:

Ի դեպ, շատ հայեր կային իմ մենամարտի ժամանակ եւ դահլիճից մեծ աջակցություն էի ստանում: Այստեղ էին նաեւ իմ ընկերներ, պրոֆեսիոնալ բռնցամարտիկներ Արամ Ավագյանը եւ Գոռ Երիցյանը:

Վիկ Դարչինյանն ի՞նչ գնահատական տվեց առաջին մենամարտիդ: Հնարավո՞ր է նա լինի քո պրոմոուտերը պրոֆեսիոնալում բռնցքամարտում:

Հորեղբայրս գոհ էր իմ մենամարտից: Ես պատրաստվել էի 4 ռաունդի համար, բայց ավարտեցի երկրորդում: Վիկը պրոմոուտեր չէ, բայց միշտ իմ կողքին կլինի: Թե ինչպես կլինի հետագայում, չեմ կարող ասել: Նա ամեն հարցում իմ կողքին է: Հաջորդ մենամարտս պրոֆեսիոնալում երեւի արդեն 2020-ին կլինի, քանի որ այժմ պետք է վերադառնամ Հայաստան եւ միանամ հավաքականին, որպեսզի պատրաստվենք օլիմպիական վարկանիշային մրցաշարերին: Հայաստանի առաջնությանը երեւի չեմ հասցնի մասնակցել, բայց ՀԱՕԿ-ի կազմակերպած մրցաշարին կմասնակցեմ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով