09:09  +04,  5 նոյեմբերի, 2019

«Լվովը» գլխավորած Եղիշե Մելիքյանը՝ նոր մարտահրավերի եւ Հայաստանում աշխատելու ցանկության մասին (ֆոտո)

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Եղիշե Մելիքյանը գլխավորել է «Լվովը», որը եզրափակում է Ուկրաինայի Պրեմյեր լիգայի մրցաշարային աղյուսակը։

«Լվովը» 40-ամյա մասնագետի նորամուտի խաղում 0։4 հաշվով պարտվեց Կիեւի «Դինամոյին»։

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Եղիշե Մելիքյանը պատմել է նոր ակումբի, խնդիրների եւ հայրենիքում աշխատելու ցանկության մասին։

«Ֆունդամենտալ ֆիզիկական պատրաստությունը բացակայում է «Լվովում»։ Այդ պատճառով թիմի համար բարդ է նույն տեմպով անցկացնել 90 րոպե։ Այս խնդիրը մենք կկարողանանք լուծել ձմեռային նախապատրաստական փուլում։

Թիմում կան հոգեբանական խնդիրներ։ Կարծում եմ՝ այդ խնդիրը մենք կարող ենք լուծել նաեւ առաջնության ընթացքում։ Ցանկանում ենք խաղի կառուցվածքը հասցնել ավտոմատիզմի։ Բոլոր խնդիրները պետք է լուծենք ծանր աշխատանքի արդյունքում։

«Դինամոյի» հետ խաղից հետո ես զրույց ունեցա «Լվովի» նախագահի հետ։ Մեր ղեկավարը լիակատար աջակցություն հայտնեց ինձ։ Պետք է ձգտենք ինչքան հնարավոր է շատ միավորներ վաստակել մինչեւ ձմեռային խաղադադարը։ Այո, ցավալի էր պարտվել է 0։4 հաշվով, բայց վիճակը պետք է իրատեսորեն գնահատել։

Ես միշտ ցանկություն եմ ունեցել մարզիչի աշխատանք ունենալ Հայաստանում, բայց առաջարկներ չեմ ստացել։ Կցանկանայի իմ գիտելիքներն ու փորձն օգտագործել հայկական ֆուտբոլի համար։ Սակայն հիմա իմ բոլոր մտքերը նոր թիմիս հետ են։ Ցանկանում եմ հաջողության հասնել «Լվովի» հետ։

Չէի ցանկանա մեկնաբանել Հայաստանի հավաքականի շուրջ ստեղծված իրավիճակը։ Մարզչական էթիկայի տեսանկյունից ճիշտ չեմ համարում։ Ամեն դեպքում, ամեն ինչ չի ընթանում այնպես, ինչպես կցանկանայինք»,- նշեց Եղիշե Մելիքյանը։

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով



  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ