23:43  +04,  2 նոյեմբերի, 2019

Մ23 ԱԱ․ Դավիթ Օվասապյանը՝ բրոնզե մեդալակիր

Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում 130 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Օվասապյանը նվաճեց Հայաստանի առաջին մեդալը:

Բրոնզե մեդալի համար պայքարում նա մրցեց Ղազախստանի ներկայացուցիչ Մանսուր Շադուկաեւի հետ եւ հասավ հաղթանակի:

Առաջին մրցափուլում Օվասապյանը նախ մեկ միավոր վաստակեց մրցակցի պատիսվության շնորհիվ, ապա պարտերից գլորում կատարելով՝ հաշիվը դարձրեց 3:0: Առաջին մրցափուլի ավարտին ղազախ ըմբիշի կոպիտ գոտեմարտելու պատճառով եւս երկու միավոր շնորհվեց Օվասապայնին, իսկ Շադուկաեւին առաջին զգուշացումը: Մրցափուլն ավարտվեց հայ ըմբիշի առավելությամբ՝ 5:0:

Երկրորդ մրցափուլում Ղազախստանի ներկայացուցիչին հաջողվեց 2 միավորանոց գցում եւ եւս երկու միավորանոց գլորում կատարել՝ հաշիվը դարձնելով 5:4: Երկրորդ մրցափուլի վերջում գորգի մրցավարը եւս մեկ միավոր տվեց ղազախ ըմբիշին հայ ըմբիշի պասիվության հաշվին: Բայց հաղթանակը տրվեց Դավիթ Օվասապյանին, քանի որ Մանսուր Շադուկաեւը զգուշացում ուներ:

Օվասապյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 3:0 հաշվով առավելության էր հասել ռումինացի Լենարդ Բերեիի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում Օվասապյանը 6:0 հաշվով հաղթել էր Բելառուսը ներկայացնող Իլյա Յուդշուցին: Կիսաեզրափակիչում 1:4 հաշվով պարտվել էր Վրաստանը ներկայացնող Զվիադի Պատարիձեին: Սա Հայաստանի առաջին մեդալն էր աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում:

Հայաստանի հավաքականի կազմում պայքարի մեջ մնացել են 60 կգ քաշային Արմեն Մելիքյանը եւ 82 կգ քաշային Արման Վարդանյանը: Արմեն Մելիքյանը նոյեմբերի 3-ին կպայքարի ոսկե, իսկ Արման Վարդումյանը բրոնզե մեդալի համար: Արմեն Մելիքյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից եւ 8:0 հաշվով վստահ հաղթանակ տարել Բուլղարիան ներկայացնող Մարտին Վելեւի նկատմամբ՝ 8։0: Քառորդ եզրափակիչում 4։0 հաշվով հաղթել էր իրանցի Մեհդի Մոհսենին: Կիսաեզրափակիչում 5:0 հաշվեվ հաղթել էր Հունգարիայի ներկայացուցիչ Կրիստիան Կեչսկեմետիին եւ նվաճել եզրափակիչի ուղեգիր:

82 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Արման Վարդանյանը հաղթանակով մեկնարկելուց հետո պարտություն է կրել քառորդ եզրափակիչում: Արման Վարդումյանին հաղթած խորվաթ Վյեկոսլավ Լուբուրիչը նվաճել է եզրափակիչի ուղեգիր, ինչի շնորհիվ հայ ըմբիշը հնարավորություն է ստացել նոյեմբերի 3-ին պայքարել բրոնզե մեդալի համար: Առաջին սփոփիչ գոտեմարտում հայ ըմբիշը կմրցի Թուրքմենստանը ներկայացնող Տոյլի Օրազովի հետ:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: