09:10  ,  31 հոկտեմբերի, 2019

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ձախողվեց Մ23 ԱԱ-ում

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ձախողվեց աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում:

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հոկտեմբերի 28-30-ը անցկացված ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած թիմը հերթական անգամ պայքարն ավարտեց առանց մեդալի:

Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկան Եվրոպայի գործող չեմպիոն, 2018 թվականի երիտասարդների Եվրոպայի չեմպիոն եւ աշխարհի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը 61 կգ քաշային կարգում, Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն Վազգեն Թեւանյանը 65 կգ-ում, Ռազմիկ Միսակյանը (57 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ) Արման Ավագյանը (79 կգ), Խաչատուր Պապիկյանը (74 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), Սարգիս Հովսեփյանը (92 կգ) եւ Հովհաննես Մաղաքյանը (125 կգ):

Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը 61 կգ քաշային կարգում պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 10։5 հաշվով առավելության էր հասել Մոնղոլիայի ներկայացուցիչի նկատմամբ։ Երկրորդ գոտեմարտում նա 13:6 հաշվով հաղթել էր իրանցի Մոհամադ Էսմաելիին եւ դուրս էր եկել կիսաեզրափակիչ: Սակայն Եվրոպայի չեմպիոնը չկարողացավ հաղթահարել կիսաեզրափակիչի արգելքը եւ տուշեով պարտվեց հնդիկ ըմբիշին: Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալի բրոնզե մեդալի համար գոտեմարտելու հնարավորություն ստացավ, բայց այստեղ էլ պարտություն կրեց: Մեդալի համար պայքարում հայ ըմբիշի մրցակիցը Ռուսաստանը ներկայացնող Դինիսլամ Տախտարովն էր: Առաջին մրցափուլում 4:0 հաղթելիս Հարությունյանը կրկին տուշեով պարտվեց եւ մնաց առանց մեդալի:

Մեդալ նվաճելու հնարավորություն էր ստացել նաեւ 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը: Ըմբիշը պայքարը սկսել էր որարավորման փուլից, որտեղ 0։5 հաշվով պարտվել էր իրանցի Քամրան Ղասեմպուրին։ Իրանցի ըմբիշը հասել էր եզրափակիչ եւ Մխիթարյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտելու հնարավորություն էր ստացել: Առաջին սփոփիչ գոտեմարտում հայ ըմբիշը 5։0 հաշվով հաղթեց լեհ Քշիշտոֆ Սադովիկին, իսկ երկրորդում 2։5 հաշվով պարտվեց Մոնղոլիայի ներկայացուցիչին եւ լքեց պայքարը:

Եվրոպայի Մ23 չեմպիոն Վազգեն Թեւանյանը պարտվել է որակավորման փուլում: Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչները եւս անհաջող էին հանդես եկել եւ պարտություններ կրել մեկնարկային գոտեմարտերում: Միայն 79 կգ քաշային Արման Ավագյանը երկու գոտեմարտ անցկացրեց. մեկնարկային 1/8 եզրափակիչում բելառուս մրցակցի նկատմամբ 10:0 հաղթանակ տանելուց հետո, Ավագյանը քառորդ եզրափակիչում 10:15 հաշվով պարտվեց թուրք ըմբիշին եւ դուրս մնաց պայքարից:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ձախողեց այս անգամ էլ երիտասարդների աշխարհի առաջնությունը: Հիշեցնենք, որ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականը ձախողել էր նաեւ սեպտեմբերի 13-22-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում անցկացված մեծահասակների աշխարհի առաջնությունը, որն օլիմպիական վարկանիշային էր: Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը եւ Եվրոպայի Մ23 չեմպիոն Վազգեն Թեւանյանը պարտվել էին նաեւ Նուրսուլթանում: Հաբեթնակ Կուրղինյանը աշխարհի առաջնությունից հետո NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ հավաքականում սերնդափոխություն է եւ շեշտը դրված է հենց Արսեն Հարությունյանի եւ Վազգեն Թեւանյանի վրա:

Օլիմպիական վարկանիշային մրցաշարերում էլ ուղեգրերի համար պայքարելու հնարավորություն այս քաշային կարգերում տրվելու է հենց նրանց: Արսեն Հարությունյանը ԱԱ Մ23-ում մասնակցեց 61 կգ քաշային կարգում, որում այս տարվա ապրիլին Բուխարեստում դարձել էր Եվրոպայի չեմպիոն: Իսկ Նուրսուլթանում պայքարեց օլիմպիական քաշում՝ 57 կգ-ում:

Նոյեմբերի 1-ին Բուդապեշտում պայքարի մեջ կմտնեն հունահռոմեականները: Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի Մ-23 առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Նորայր Հախոյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Հայկ Մելիքյանը (67 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ), Վահե Պողոսյանը (77 կգ), Արման Վարդանյանը (82 կգ), Ալբերտ Եղիկյանը (87 կգ) եւ Դավիթ Օվասապյանը (130կգ)։ Թիմը մրցավայր է մեկնել հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Էդուարդ Սահակյանի գլխավորությամբ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում